Վրաստանի իշխանություններն ու ընդդիմությունը համաձայնության են եկել 6 հիմնական կետերի շուրջ

61

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքով՝ Վրաստանում պետք է լուծվի քաղաքական ճգնաժամը, և այսօր այդ ուղղությամբ կատարվել է կարևոր քայլ: Այս մասին բարձրաստիճան հյուրը հայտարարել է Օրբելիանի պալատում տեղի ունեցած՝ իշխանությունների և ընդդիմության միջեւ հանդիպումից հետո:

«Այսօր ես հպարտ եմ, որ ճիշտ ուղղությամբ կատարվել է լավ, կարևոր քայլ: Դա չի նշանակում, որ ամեն ինչ որոշված է: Սա չի նշանակում, որ ավելի բարդ հարցեր չկան: Երբ ես բոլոր մասնակիցներին հստակ հարց տվեցի`կա՞ քաղաքական կամք` ամրապնդելու քաղաքական երկխոսությունը, համատեղ լուծում փնտրելու, պատասխանը միանշանակ էր` այո: Դա լավ քայլ էր, կարևոր քայլ, և մենք կշարունակենք աջակցել այս դրական ջանքերին»,- ասել է Միշելը:

Ըստ Եվրախորհրդի ղեկավարի՝ մարտի 1-ի հանդիպման հիմնական նպատակն այն էր, որ կողմերը միմյանց լսեն: Վրացական քաղաքական սպեկտրի առաջընթացը կոնսենսուսի հասնելու շրջանակներում երկու շաբաթից կքննարկվի Բրյուսելում:

«Եվրոպական Վրաստանի» նախագահ Դավիթ Բաքրաձեն նշել է, որ այս հանդիպումից ոչ ոք կոնկրետ որոշում չէր ակնկալում: Հիմնական օրակարգը համաձայնեցվել է իշխանությունների հետ, ինչը պահանջում է հետագա բանակցություններ:

«Մենք պայմանավորվել ենք քննարկվելիք հարցերի շուրջ: Մեզ համար շատ կարևոր է, որ այդ բանակցությունները, ներառյալ՝ Միշելի նախաձեռնածները, ներառեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են բանտարկյալների խնդիրը և արտահերթ ընտրությունների քննարկումը: Օրակարգը համապարփակ է, այն ներառում է իսկապես կարևոր թեմաներ Վրաստանի քաղաքական կյանքի համար: Բայց հաստատ չարժեր հույս դնել այն փաստի վրա, որ այսօրվա հանդիպման ժամանակ ինչ-որ բանի կամ ամեն ինչի շուրջ համաձայնություն կլինի: Հանդիպման բուն փաստը կարևոր էր, նաև՝ այն, որ բոլոր երեք կողմերը համաձայնության եկան շրջանակային փաստաթղթի շուրջ, որը բաղկացած էր վեց հարցից, որոնք պետք է լուծվեն Վրաստանի քաղաքական ճգնաժամի կարգավորման համար, ներառյալ՝ բանտարկյալների հարցը և արտահերթ ընտրությունները»,- ասել է Դավիթ Բաքրաձեն:

Միացյալ ազգային շարժումից Սալոմե Սամադաշվիլին շեշտել է, որ այսօրվա հանդիպման հիմնական ձեռքբերումը իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության վերսկսումն է: