Ո՞վ է դասախոսը

234

Ո՞վ է դասախոսը։ Նա, ով պայուսակը բարձրակրունկի հետ համադրելով մտնում է լսարան ու գրքի էջերը բառ առ բառ պատմում «մանիկյուռով» հիացած ուսանողին և զանգի հնչելուն պես շտապում սրճախմությա՞ն։

Նա է, ով ուսանողին, երիտասարդին, մեր պարագայում՝ հային, որ քաշեց սիզիփոսյան հերթական տանջանքը, դիտում է իբրև վարձատու բաղադրիչ և կամ մի որևէ էջի անըմբռնում, բայց պարտադիր «սկանավորո՞ղ»։ Այն ուսանողին, որ հյուծվեց այս գեհենական ամիսներին և թաղեց ընկեր, հարազատ, հայրենակից, հույս ու երազ՝ թաղեց ամեն ինչ։ Եվ հիմա, երբ հայրենիքի փշուրները նոր-նոր հավաքվում է և անորոշության մշուշ է ամենուր՝ այդ ուսանողին, տղա ուսանողին, որ ո՜վ գիտե գուցե վաղվա զոհն է՝ կտրում է քննությունից, միտումնավոր, ինչ է թե մի չնչին բան պատերազմական օրերին չի սովորել։ Պատերազմի օրերին, կրկնում եմ…

Իսկ հիմա, քաոսային Հայաստանում, մի՞թե տղան, երիտասարդը, կայացող տղամարդը չունի որևէ արժեք, վաղվա զինվորագրվողը մի՞թե գին չունի։ Բանահյուսական չարքի, անմեռ քաջքի պես այդ «դասախոս» հորջորջվածը, որը միայն շրթներկի վառման գիտակցում ունի՝ անմակարդ ժահրով լցված հոխորտում է, փնչացնում ու վիժում չարիք, միայն չարիք, այլապես կռվի տարտարոսից որպես հայ դեռևս ուշաթափ երիտասարդին ինչպե՞ս կարելի է քննությունից կտրել, էտել, ջնջխել և զրկել օրինական զեղչից համալսարանական կես ճամփան հաղթահարած և կիսով մասնագիտացած ուսանողին։

Ինչպե՞ս կարելի է աղվամազից կախել վառվող կենսագրությանը և ակամա ստիպել, որ ընկնի հայթայթումների գիրկը և կրկնապատկված վարձ ճարի։ Եթե այս փոքրոգին դասախոս է, ապա ձայնային մանեկենն էլ իրավունք ունի դոցենտ կոչվելու. Խիղճդ կտրվի։