Միայն սահմանադրական ճանապարհով

147

Վերջին պատերազմից հետո եւ անգամ դրանից առաջ հայկական քաղաքական միտքը եւ առհասարակ ժողովրդային մտածողությունը տարաբեւեռ, ավելի ճիշտ` երկբեւեռ դիրքորոշում ուներ եւ ունի Նիկոլ Փաշինյանի կործանարար իշխանությունից ձերբազատվելու հարցում` արմատական կամ ռադիկալ ու սահմանադրական եւ օրինական։ Առաջինը ակնկալում եւ պահանջում էր կտրուկ եւ ուժային պայքարով հասնել ցանկալի նպատակին, երկրորդը` Սահմանադրության եւ ընդհանրապես ժողովրդավարության նախատեսած մեթոդներով։

Շաբաթ օրը Բաղրամյան 26-ում եւ դրա շուրջը տեղի ունեցած իրադարձությունները, նկատի ունեմ խորհրդակցական հանդիպումների արդյունքում Սպայակույտի պետին պաշտոնազրկելու վերաբերյալ այսպես կոչված կառավարության առաջարկը մերժելու մասին ՀՀ նախագահի որոշումը, պատմական նշանակություն ունի եւ ունենալու է հայկական պետականության պատմության համար։ Թերեւս առաջին անգամ վերջին երեք տարիների ընթացքում ի գործ դրվեց սահմանադրական հակակշռի սկզբունքը, որը կարմիր լույս վառեց Փաշինյանի սանձարձակ ու բացարձակ իշխանության դիմաց, հույս ներշնչեց սահմանադրական ու ժողովրդավարական սկզբունքների կողմնակիցներին եւ անվանապես` Հայրենիքի փրկության շարժմանը։

Ճիշտ է, հանգուցալուծումը դեռեւս հեռու է, դեռեւս Փաշինյանն ու իր սորոսաաղանդավորական ամբոխը ունեն հակաօրինական հակաքայլեր` Սահմանադրական դատարանի ու նրա անդամների վրա ճնշում բանեցնելուց (ահա՛ թե ինչու էր Նիկոլը մի ամբողջ տարի ջանում իրեն ենթարկեցնել այդ Գերագույն դատարանը) մինչեւ Նախագահի իշխանության  վարկաբեկումն ու տապալումը, ընդհուպ` ամենակործանարարը` Հայոց բանակի պառակտումը եւ քաղաքացիական կռիվների հրահրումը։ Սակայն ներկա պահի համար պետք է ամրագրել մեր պետականության համար կարեւոր հետեւյալ ձեռքբերումները.

ա) Ժողովրդական պայքարի մեթոդների ու ձեւերի անփոխարինելիությունը բոլոր տեսակի բռնությունների նկատմամբ։

բ) Գիտակցումը ներկայիս գործող-չգործող խորհրդարանական համակարգի անպիտանելիության, որը պետք է սրբագրվի առաջին իսկ պատեհությամբ։

գ) Հանրապետության նախագահը, որն ինքն էլ էր ժամանակ առաջ պաշտոնապես պահանջել Փաշինյանի իշխանությունից հեռացումը եւ հետեւաբար, չէր կարող պաշտոնապես զրկել մեկին, այս պարագայում, սպայակույտի պետին` նույնը պահանջելու համար, փաստորեն ճգնաժամի հանգուցալուծումը դնել սահմանադրական ռելսերի վրա, որը տպավորիչ պետք է լինի, կարծում եմ, նաեւ արտաքին աշխարհի համար` եւ բարեկամների, եւ թշնամիների։

դ) Ընդդիմության ձեռնարկած Հայրենիքի փրկության շարժումը, որին շատերն են մեղադրում վճռական քայլեր չձեռնարկելու համար, լրացուցիչ խթան ստացավ, որ Փաշինյանին ասպարեզից հեռացման գործընթացը չունի այլընտրանք` քան` բացառապես ժողովրդավարական մեթոդներով դրանց կիրառումը։

ե) Որեւէ շեղում այդ մեթոդաբանությունից, թեեւ երկարաշունչ եւ ժամանակատար, համազոր է Փաշինյանի գրգռություններին եւ սադրանքներին ենթարկվելուն` առավել կործանիչ հետեւանքներով։

Ուրեմն` միայն ժողովրդավարական ճանապարհով։ Զգո՛ւյշ, Նիկոլը նաղդ արյուն թափող է։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ