Թուրքիան Հունաստանից պահանջեց դադարեցնել փախստականների վտարումը

62

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով Հունաստանին դադարեցնել փախստականների վտարումը իր տարածքից: Թուրքիայի արտգործնախարարությունն ընդգծել է, որ այդպիսի պրակտիկան միջազգային իրավունքի, ԵՄ օրենսդրության և միգրանտների վերաբերյալ 2016 թվականի մարտի 18-ի համաձայնագրով ամրագրված մարդու իրավունքների խախտում է: Անկարայի կոչը հասցեագրված է Հունաստանի կառավարությանը և բոլոր նրանց, ովքեր «մասնակից են փախստականների վտարմանը», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Թուրք դիվանագետները հայտարարել են, որ փետրվարի 18-ին Հունաստանի իրավապահ մարմինները Թուրքիա են վտարել 13 հոգանոց մի ընտանիքի, որի անդամները կորոնավիրուսի հայտնաբերման պատրվակով տեղափոխվել են միգրանտների ճամբար: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ փախստականներին ծեծի են ենթարկել, ապա նրանց գումարներն ու թանկարժեք իրերն առգրավել են:

Թուրքիան պնդում է նաև, որ վերջին չորս տարվա ընթացքում Հունաստանից Թուրքիա է վտարվել ավելի քան 80,000 փախստական: