Կիրակի է: Հայաստանում արդեն քանի՜ օր է, որ կիրակի է

143

Արդեն դժվարանում եմ հաշիվ պահել, արդեն ժամանակի սողանքն անտանելիորեն բթացնում է թվերն ու… կյանքը սառնաշաքարի պես հալվում է մեր բերաններում: Օրեր են անցնում, անորոշ, դանդաղ ու դանդալոշ, բայց և գոլորշու պես ցնդող օրեր: Ու երբ փորձում եմ վաշխառուի պես հաշվել շահույթը ապրածի՝ չորանում է թրջած մատս ու կորցնում եմ հաշիվս: Գուցե գոյանա մի թյուր և հպանցիկ ըմբռնում, թե շատ եմ խոսում ներերկրային առօրյայից, շատ եմ «տապակվում» Հայաստանի անորոշ ներկայով ու էլ ավելի մշուշոտ ապագայով, բայց իբրև հայ ինչպե՞ս չխոցվել երկրին հասած հարվածներից: Ինչպե՞ս չցնդել այս անկշիռ քաոսում: Աստված իմ, ինչքա՜ն անլուծելի, անբաղդադելի խնդիրներ են թափված մեր արդար կժի մեջ, ուր ջուրը բոսորվում, արնանում է ու թափվում՝ շուրթ չտեսնելով:

     Մեզ ի՜նչ մնաց. վաշխառուի նյութական դատողությամբ թե նայենք՝ մնաց խոցված հպարտություն, որի դեղնած ժանիքը սրվում է միայն մեր երկրում ու հենց մեր դեմ: Մնաց սպասում, արցունք, տանջանք և սոփեստական մի «ինչու», որի պատասխանից Աստված ինքն էլ կխորշի:

     Կիրակի է… եկեղեցիներից լսվում են ձայներն առ Աստված, որ ձգվում են համատարած բուրվառներից ելնող խնկի քուլաների հետ և նորից ու նորից աղերսում՝ «ինչու՞»: Բարձրանում է խնկային մեգը, և գուցե գնում մի ուրիշ երկրի, մի օտար, անդորր երկնքի պատելու, որպես անձրևի սպառնալիք:

     Կիրակի է: Հայաստանում արդեն քանի՜ օր է, որ կիրակի է: