Պահեստազորի գնդապետ Ալեքսանդր Բալասանյանը ոստիկանությանը կոչ է արել կանգնել Հայոց պետականության՝ բանակի եւ ժողովրդի կողքին

188

Ոստիկանության պահեստազորի գնդապետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ դիմել է ոստիկանության սպայական կազմին եւ կոչարել՝ կանգնել Հայոց պետականության, բանակի եւ ժողովրդի կողքին:

«Հարգելի գործընկերներ, պարոնայք սպաներ,

Մեր պետության այս օրհասական պահին դիմում եմ ձեզ՝ քննչական մարմիններում երկարամյա ծառայություն անցած սպա: Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ ՀՀ քննչական մարմինները միշտ էլ կանգնած են եղել պետության կողքին եւ գործել են բացառապես օրինականության շրջանակներում ու օրենքի տառին համապատասխան: Երբեւէ ՀՀ քննչական մարմինները չեն խախտել Սահմանադրության նորմերը եւ հեռու են եղել քաղաքական գործընթացներին միջամտելուց: Հայ-ադրբեջանական սահմանային ընդհարումների ժամանակ քննչական մարմինների աշխատակիցները ՀՀ ՆԳՆ համահավաք ջոկատների կազմում մասնակցել են պետության սահմանների պաշտպանությանը եւ տարածքային ամբողջականության պահմանմանը:

Ստեղծված իրավիճակում քննչական մարմիններն ակամա մասնակից են դառնում ներքաղաքական գործընթացներին, ինչն անընդունելի է:

Հարգելի գործընկերներ,

Կոչ եմ անում կանգնել Հայոց պետականության, բանակի եւ ժողովրդի կողքին, զերծ պահել երկիրը ներքաղաքական ցնցումներից եւ արժանի լինել քննիչի բարձր կոչմանը: Աստված պահապան մեր ժողովրդին եւ Հայոց բանակին: Պատիվ ունեմ», – շեշտել է գնդապետ Բալսանյանը: