Օնիկ Գասպարյանը հրաժարվել է հրաժարական տալ

172

Հայոց Ազգային Բանակ ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահանջը՝ ասելով. «բանակի պահանջները անբեկանելի են»:

Գեներալներն էլ ազդանշան են ուղարկել Փաշինյանին, որ եթե Օնիկ Գասպարյանի դեմ ճնշումները շարունակվեն, իրավիճակը ավելի է լարվելու»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ 168.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում են:

Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ. խոսնակ

Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը, և որևէ ճնշման մասին խոսք չի կարող լինել…

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը «Արցախպրեսի» հետ զրույցում մեկնաբանել է Երևանում Արայիկ Հարությունյանի միջնորդական ջանքերի վերաբերյալ որոշ հրապարակումներ՝ նշելով, որ նա հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ:

Մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասված է.

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից «պահանջում» է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում։

Նախօրոք հայտարարած՝ միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ նախագահ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակի հաղթահարման հետ կապված որոշ հարցեր՝ հիմք ընդունելով Հայաստանի ու Արցախի ներքին կայունության ու արտաքին անվտանգության առաջնահերթությունները: Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը, և որևէ ճնշման մասին խոսք չի կարող լինել:

Ինչ վերաբերում է տվյալ հանդիպման ձևաչափին, ապա դրան մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլ նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:

Հանրապետության նախագահը, ինչպես և հայտարարել էր, շարունակում է չեզոքություն պահպանել ՀՀ ներքաղաքական զարգացումների նկատմամբ, և նրա միջնորդական ջանքերն ուղղված են ճգնաժամի հաղթահարմանը՝ սահմանադրական, խաղաղ ու քաղաքակիրթ եղանակներով: Հատկապես ընթացիկ պայմաններում ապակայունությունը, արյունահեղությունն ու ատելությունը Հայրենիքը տանելու են պարզապես կործանման ճանապարհով»: