ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ` «ԻՍԿԱՆԴԵՐԻ» ՄԱՍԻՆ

1244

Փետրվարի 24-ին ՀՀ ղեկավարի աթոռն զբաղեցնողը լրատվամիջոցներից մեկի եթերում խոսելով հայ-ադրբեջանական վերջին պատերազմի մասին, ի շարս բազմաթիվ չկշռադատված ու թեթեւ հայտարարությունների, խոսեց նաեւ «Իսկանդեր»-ի մասին` կասկածի տակ դնելով դրա արդյունավետությունը:

Ռուսական մամուլն ու քաղաքական-պետական շրջանակները միանգամից ամենակոպիտ կերպով արձագանքեցին նրան:

Ստորեւ ներկայացնում եմ ռուս եւ հայ շրջանակների մեկնաբանություններն ու արձագանքները` հատվածաբար:

Ռազմական փորձագետ Յուրի Լյամին . «Հրթիռների մարտագլխիկը երբեմն կարող է իսկապես ձախողվել, բայց դա, ընդհանուր առմամբ, հազվադեպ դեպք է, նույնիսկ հին հրթիռների համար, որոնք պահեստավորված են եղել երկար տարիներ: Հետեւաբար, ես Փաշինյանի այս խոսքերը ընդունում եմ ծայրահեղ կասկածելի, եւ, ընդհանուր առմամբ, դրանք համարում եմ սեփական սխալները արդարացնելու փորձ:

Հաշվի առնելով առկա հրթիռային ներուժը, հայկական կողմը կարող էր օգտագործել առկա հրթիռային համակարգերը ռազմական ենթակառուցվածքների առանցքային օբյեկտներին հարվածներ հասցնելու համար: Դրանք են ավիաբազաները, ռազմական պահեստները, հայտնի հրամանատարական կետերը եւ այլն: Ինչպես ցույց են տվել, օրինակ, Մերձավոր Արեւելքում առկա բախումները, նույնիսկ հին Էլբրուսը եւ Տոչկան կարող են լուրջ գլխացավանք ստեղծել թշնամու համար, եթե ճիշտ օգտագործվեն, չնայած հակառակորդի օդային գերազանցությանը: Այս դեպքում ոչ մի հայտնի հարված չեղավ, նույնիսկ այնպիսի մեծ ու ակնհայտ ռազմական թիրախների դեմ, ինչպիսին են ռազմական ավիաբազաները:

Միգուցե նրանք վախենում էին հակամարտության էլ ավելի սրացում առաջացնել, վիրավորել թուրք խորհրդականներին եւ այլն: Այս կամ այն կերպ, այս ամենը խանգարում էր հայկական ամենաարդյունավետ միջոցների էֆեկտիվ օգտագործմանը: Եվ Փաշինյանն այժմ փորձում է հասկանալ, թե ինչպես պետք է արդարանա սրա համար»:

Ռազմական փորձագետ, Ռուսաստանի ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկով . «Փաշինյանին մեղադրում են Ադրբեջանի հետ ռազմական գործողություններ իրականացնելու համար բանակի նախապատրաստումը չապահովելու մեջ: Դա ճիշտ է: Այս պայմաններում նա փորձում է ազատվել մեղքից եւ մեղադրել Ռուսաստանին իբր անկատար զենքի համակարգեր մատակարարելու մեջ:

Տոչկա-Ու եւ Էլբրուս հրթիռների բոլոր արձակումները գրանցվել են Ադրբեջանի կողմից եւ մանրամասն լուսաբանվել են լրատվամիջոցներում: Եթե թեկուզ մեկ հրթիռ ընկներ եւ չպայթեցներ, դա կդառնար շատ բուռն քննարկումների առիթ:

Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի եւ Սիրիայի խորհրդարանների միջեւ բարեկամության խմբի ղեկավար Դմիտրի Սաբլին . «Վատ պարողին ոտքերը խանգարում են: Այս ժողովրդական իմաստությունը լավագույնս բնութագրում է Հայաստանի վարչապետի խոսքերը վերջին պատերազմում Իսկանդերի օգտագործման եւ դրանց «հնացման» մասին: Սորոսի ձեռնարկները հուսախաբ են անում Փաշինյանին: Սա եւս մեկ վկայություն է այն բանի, թե ինչպես փողոցը, օտար, թշնամական սցենարով հնչող գեղեցիկ կարգախոսների ներքո, իր երկիրը կործանող մարդուն բերում է իշխանության»:

MilitaryRussia կայքի գլխավոր խմբագիր Դմիտրի Կորնեւ . «Հետաքրքրական կլիներ տեսնել ադրբեջանական կողմի վկայությունները Իսկանդերների կիրառման արդյունքմերի վերաբերյալ: Եթե նրանք անարդյունավետ էին կրակում, օրինակ ՙ բնակավայրերի տիպի հարթավայրային թիրախների վրա, ապա դա չէր կարող ինչ-որ շոշափելի ռազմական արդյունքներ տալ: Իսկ եթե ինչ-որ ռազմական օբյեկտներ են խոցվել, ապա լավ կլիներ դիտել արդյունքները եւ հարց տալՙ 2-4-6 ռազմական օբյեկտների պարտությունը կարո՞ղ էր արդյոք փոխել պատերազմի ընթացքը:

Հայաստանի վարչապետի հայտարարության վերաբերյալ կա՛մ պետք է լրացուցիչ մանրամասներ տրամադրվեն, կա՛մ քաղաքական զրպարտություն է»:

Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Զավարզին . «Դա միանգամայն սուտ է, եւ դրանում որեւէ կասկած չկա:

Երբ մարդ ուզում է, որ անմեղ լինի, նա ե՛ւ «Իսկանդերին» է կպչում, ե՛ւ հայ ժողովուրդն է մեղավոր, ե՛ւ զինվորականներն են մեղավոր»:

Հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերին. «Անկեղծ ասածՙ լրիվ չեմ հասկանում, թե ինչումն է բողոքը: Փաշինյանը, երեւի երբեք գործ չի ունեցել ռազմական գործի հետ»,- կարծում է ռուս պաշտոնյան:- «Պետք է նրա խոսքերին լուրջ վերաբերվել: Եթե մարդը նման բաներ է խոսում, պետք է ստուգում իրականացվի: Թող ինչ-որ փաստերով ապացուցեն դա:

Ինչպե՞ս կարելի է հաշվել, թե 10 «Իսկանդեր» են արձակել, իսկ միայն մեկն է պայթել: Իսկ որտե՞ղ են ընկել մյուս ինը եւ չեն պայթել: Կարծում եմ, որ Փաշինյանը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի: Բայց աշխարհին է հայտնի, որ նա դուրս է տվել: Փաշինյանի արտահայտությունը ցույց է տալիս, թե որքան խորն է նա մտել ռազմական գործի մեջ»:

«Իսկանդեր»-ի մշակողներից ինժեներ-կոնստրուկտոր Վլադիմիր Կովալյով . «Հրթիռային համակարգի վերաբերյալ այդքան լուրջ մեղադրանք ներկայացնել եւ միաժամանակ հրապարակավ խոստովանել, որ ինքը «չգիտի» հարցի էությունըՙ դա արժանավայել չէ եւ անգամ ոչ պարկեշտ քայլ է Հայաստանի վարչապետի համար:

Նրա ասածը «80-ականների զենքի» մասին արդեն դիլետանտության նշան է: Ի՞նչ «80-ականների զենքի» մասին է խոսքը, եթե անգամ ռուսական բանակն իր սպառազինությունը «Իսկանդեր»-ներով լրացնելն ավարտել է միայն 2019թ.-ի վերջին:

Գիտե՞ք նաեւ ինչի մասին մտածեցի, երբ Փաշինյանն ասաց, որ մարտական լիցքն ընդամենը 10 տոկոսով է պայթել: Այն մասին, որ վարչապետը սեփական անգրագիտությունը շուտափույթ վերացնելու կարիք ունի: Այո-այո: «Լիկբեզ» է հարկավոր»:

Հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյով . «Լսում էի Նիկոլ Փաշինյանի խոսքը: Հիմա էլ պարզվում էՙ մեր զենքն է վատը: Ցավոք, չեմ կարող հայհոյանք տալ ուղիղ եթերում:

Մարդ, որը մեղավոր է հայ ժողովրդի մեծագույն աղետի մեջ, հայ ժողովրդի ամենամեծ նվաստացման մեջ, շարունակում է պնդել, որ բոլորը մեղավոր են բացի իրենից: Ու սա ասում է երկրի ղեկավարը, գերագույն գլխավոր հրամանատարը … 2 տարի ժամանակ ունեիր, գնայի՛ր ու գնեի՛ր քո ցանկացած զենքերը»:

Մովսես Հակոբյան . «Մենք «Իսկանդերի» հետ խնդիր չենք ունեցել, ինձ համար անհասկանալի էր այդ մարդու (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին) հայտարարությունը, որովհետեւ ինքը եւ առհասարակ մեր կողմից ոչ ոք չի կարող իմանալ, թե քանի տոկոսն է պայթել, որովհետեւ դա միայն կարող է հաշվարկել հակառակորդը, որովհետեւ ես գիտեմ, որ կրակել են հակառակորդի վրա: Դժվար է մեկնաբանել մի մարդու խոսքերը, որը բանակից, բանակի բարեփոխումներից գաղափար չունի եւ առհասարակ չգիտիՙ ինչ է նշանակում բանակի բարեփոխում:

Զինվորին տռուսիկ-մայկա կամ կլուբնիկ տալը բանակի բարեփոխում չէ»:

ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեեւ . «Եթե Ռուսաստանը վատ սպառազինություն է տրամադրում, ապա ինչո՞ւ են ռուսական զորքերն ուղարկվում հսկելու սահմանը Ադրբեջանի Հանրապետությունից Սյունիքի մարզում: Թող նա հաստատի գոնե մեկ արձակում «Իսկանդերի»ՙ ԼՂ-ում երկրորդ պատերազմի ընթացքում: Իմ տվյալներովՙ այդ փուլում որեւէ արձակում չի եղել: Մարդը, որը խոսում է այդ մասին, գաղափար չունի խնդրի տեխնիկական կողմի մասին, որպեսզի հայտարարի 10 %-ի մասին, պետք է լիներ հրթիռների մասսայական արձակում, այլապես ինչպե՞ս ենք ստանում 10 տոկոս: Այդ 10 տոկոսը որքա՞ն արձակումից է ստացվել: 10 տոկոս կարելի է ստանալ 10 հրթիռ արձակելու դեպքում, ամենաքիչը 5 արձակում պետք է անելՙ 10 տոկոս ստանալու համար:

Թող ամսաթվերը նշիՙ երբ են դրանք արձակվել, որտեղ են արձակվել, այդ դեպքում կարելի է հետաքննել: Իսկ հիմա այն, ինչ խոսում է, հիշեցնում է, որ նա փորձում է գտնել մեկին, որը մեղավոր է հայկական զորքերի պարտության մեջ ԼՂ-ում երկրորդ պատերազմի ընթացքում: Ավելի ճիշտ, այս հայտարարությունները պայմանավորված են ոչ թե «Իսկանդերի» տեխնիկական բնութագրով, այլ ՀՀ ներքաղաքական իրավիճակով, որտեղ նա վարչապետի պաշտոնում իրեն անինքնավստահ է զգում եւ նման կերպով փորձում է Արեւմուտքի աջակցությունը ստանալ:

Կարծում եմՙ նման հայտարարությանը ոչինչ էլ չի հետեւի, բարձրագոչ հայտարարություն է, որով նա փորձում է գոհացնել իր արեւմտյան գործընկերներինՙ մասնավորապես, Մեծ Բրիտանիային ու ԱՄՆ-ին: Հարցի նման առաջադրումը վատթարացնում է ՀՀ անվտանգությունը»,- ասաց Եվսեեւը: Նա չբացառեց նաեւ, որ Փաշինյանին սխալ տեղեկատվություն են տրամադրել, սակայն հակված է կարծելու, որ սա պարզապես բարձրագոչ հայտարարություն էՙ քաղաքական ենթատեքստով:

Ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանով . «Քանի որ խոսք գնաց Իսկանդերների մասին, մի բան կպատմեմ: Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ երկար եւ ծանր խոսակցություն ունեցա: Ամեն ինչ չեմ կարող պատմել, բայց քանի որ Նիկոլը բարձրացրեց այդ բացառիկ զինատեսակի թեման, բառացի կմեջբերեմ Օնիկ Գասպարյանի ասածը:

«Պատերազմի 3)րդ օրը ես, որպես ԳՇ պետ, որոշեցի կիրառել Իսկանդերը 2 ստրատեգիական օբյեկտներիՙ Բաքու-Ջեյհան նավթամուղի եւ մեկ այլ օբյեկտի դեմ: Փաշինյանը կատեգորիկ արգելեց, թեպետ ռուսները հասկացնել էին տվել, թե ձեր պատերազմն է ու ձեր գործը, ինչ ուզում եքՙ արեք:

Շուշիի անկումից 3 օր առաջ ես Փաշինյանին խնդրեցի թույլ տալ Իսկանդերի երկու հարված հասցնել ուղիղ Շուշիի տակ կուտակված ադրբեջանցիների կենդանի ուժին:

Փաշինյանը կատեգորիկ արգելեց` ասելով, որ համաշխարհային հանրությունը մեզ կբզկտի, եթե մենք միաժամանակ սպանենք թշնամու մի քանի հազար զինվորների:

Միակ անգամ ինձ թույլ տվեցին կիրառել Իսկանդերը արդեն Շուշիի ուղղությամբ: Ես այն կիրառեցի: Մենք օգտվեցինք դրանից ու հասցրինք քաղաք մտցնել մի քանի տանկեր: Երկու օր անց ինձ հրամայեցին թողնել Շուշին եւ նահանջել»:

ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյան . «Իհարկեՙ հնարավոր չէ… ո՞նց, «Իսկանդե՞րը»… Մեկ կրակո՞ցը… 10 տոկոսո՞վ… Կներեք սա լուրջ չէ(ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով եւ էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմՙ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է):

Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձեւավորել»:

Արցախի եւ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյան . «Իսկանդերը բավականին լուրջ, հեռահար եւ ճշգրիտ համակարգ է, որի մասին գնահատական տվողը պետք է գոնե այդ համակարգից հասկանա:

Այդ համակարգը իմ պաշտպանության նախարար եղած ժամանակ է բերվելՙ 2015թ-ի վերջին: Բավական երկար բանակցային եւ նախապատրաստական աշխատանքներ են տարվել մինչեւ գնելը: ՀՀ Զինված ուժերի հրթիռահրետանային վարչության մասնագետները ՌԴ-ում սովորել են, այնուհետեւ դրա նախապատրաստական աշխատանքներին են մասնակցել, հսկել են համակարգի տեխնիկական սպասարկման ընթացքը եւ ՌԴ-ում փորձարկումից հետո նոր ընդունել են Հայաստանում: Այս տարիների ընթացքում, կարծում եմ, տվյալ համակարգը եւ հրթիռները պահպանվել են բավականին լուրջ պատրաստված պայմաններում, նրանք անցել են տեխնիկական սպասարկման բոլոր շրջափուլերը, տարբեր մարզումների եւ զորավարժությունների ժամանակ ստուգվել մարտունակությունը եւ պիտանելիության աստիճանը, եթե որեւէ խնդիր լիներ, ապա դրա մասին կբարձրաձայնվեր:

Ինձ համար առաջինն անհասկանալի է այն, որ Իսկանդերի մասին գնահատական է տալիս մի մարդ, որ տեղեկությունը չունի ռազմական տեխնիկայի մասին, նույնիսկ բանակում չի ծառայել եւ վերջին ժամանակահատվածում միայն զբաղվել է բանակի միջոցով ինքնագովազդ անելով: Ինչու են հիմա որոշել Իսկանդերից խոսել, որովհետեւ նույնիսկ Զինված ուժերում ծառայած, շատ այլ մասնագիտությունների տեր մարդիկ նույնիսկ չեն կարող դրա վերաբերյալ գնահատական տալ, որովհետեւ դա ճշգրիտ ուղղվածություն ունեցող զինատեսակ է:

Ինչ է նշանակում հրթիռ 10 տոկոսով է պայթել: Դրա վերաբերյալ մասնագիտական կարծիք կարող են տալ միայն այդ համակարգը ճշգրիտ կերպ իմացող զինվորականները: