Հայաստանում դրամի արժեզրկման պատճառները վարքագծային են, որևէ վտանգավոր բան չկա. ԿԲ փոխնախագահ

60

Հայաստանում դրամի արժեզրկման պատճառները պայմանավորված են հիմնականում վարքագծային սպասումներով, որը սովորաբար կարճաժամկետ բնույթ է կրում: Այդ մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ պատասխանելով պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին, թե ինչով է պայմանավորված դրամի շուրջ 10 տոկոս արժեզրկումը:

«Որևէ արտառոց ու վտանգավոր բան չկա, քանի որ ֆինանսական համակարգը կայուն է, իրացվելի: Ֆինանսական համակարգը չունի այնպիսի վիճակ, որ իր պարտավորությունները ծածկված չլինեն արտարժույթային իրացվելի ակտիվներով: Ամբողջ տարվա ընթացքում մենք և դրամային, և արտարժույթային իրացվելիություն ենք ներարկել տնտեսություն, որպեսզի հնարավոր լինի սպասարկել և տնտեսությունը, և ֆինանսական համակարգը», -նշել է Երիցյանը:

ԿԲ ներկայացուցչի խոսքով, նախորդ տարվա ընթացքում ավանդների որոշակի քանակով արտահոսք եղել է, սակայն դա քիչ է տևել: «Նախորդ տարվա ընթացքում ավանդների որոշակի արտահոսք եղավ, որը շատ կարճ ժամանակահատվածում՝ մեկ ամսվա ընթացքում վերադարձավ համակարգ: Այսինքն՝ մակրոկայունության տեսակետից վստահությունը վերականգնվեց», -հավելել է ԿԲ փոխնախագահը: