Երևանում քաղպաշտպանության ուսումնավարժության փորձի և հիմնական վարժանքի ժամանակ գործարկվելու է ազդարարման շչակ

73

Մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին, համաձայն Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2021 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» որոշման, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անց է կացվելու «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«25.02.2021թ. նախատեսված փորձի ժամանակ՝ ժամը 16:00-ից 16:30-ի ժամանակահատվածում, ինչպես նաև 01.03.2021 թ. հիմնական վարժանքի ընթացքում՝ ժամը 15:00-ին գործարկվելու է ազդարարման շչակ: Նշված օրերին և ժամերին շչակի գործարկման ընթացքում հորդորում ենք խուճապի չմատնվել»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ վերջին շրջանում Արտակարգ իրավիճակների նախարարությունը արդեն մի քանի անգամ զգուշացրել է տարբեր հասցեներում ազդարարման շչակների գործարկման մասին։

Շչակներ են գործարկվել Երևանում, Շիրակում և Կոտայքում։