Հորդորում եմ գրառումս դիտարկել որպես պաշտոնական հաղորդում հանցագործության մասին․ Ֆարմանյան

41

Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«ՀՀ իրավապահ մարմիններին հորդորում եմ սույն գրառումս դիտարկել որպես պաշտոնական հաղորդում հանցագործության մասին և ինքնախոստովանական ցուցմունք հարուցված ու մեծ աղմուկ հանած «Գագիկ Սողոմոնյան» քրեական գործով:

2008-2010 թթ. զբաղեցրել եմ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի, 2010-2010 թթ. Հանրային հեռուստառադիոընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրենի պաշտոնները, ապա 2012-2018 թթ. եղել եմ ՀՀ ԱԺ պատգամավոր: Ծառայողական պարտականությունների բերումով 2008-2018 թթ. ընթացքում ինձ բազմաթիվ դրվագներով հայտնի է դարձել, որ ՀՀ-ում, նաև իմ անմիջական մասնակցությամբ ու որոշ դեպքերում անգամ նախաձեռնությամբ, ձևավորվել ու գործել է կազմակերպված հանցավոր խումբ: Այդ հանցավոր խումբը, որի պարագլուխներից է եղել նաև Արա Սաղաթելյանը, առաջնորդվելով հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև ազգամիջյան թշնամանք հարուցելու հակաօրինական մղումով, տարիներ շարունակ թիրախավորել է Ադրբեջանի Հանրապետության և նրա իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը արցախյան հարցում:

Ավելին, հանցավոր խումբը, չբավարարվելով Ադրբեջանի դեմ իրականացվող գործողություններով, երբեմն-երբեմն թիրախավորել է նաև Թուրքիայի Հանրապետության քաղաքականությունը Հայաստանի, հայկական սփյուռքի ու հայկական օրակարգի հանդեպ: Հակաօրինական ու հանցավոր գործունեության ողջ ընթացքում, ես՝ Սամվել Ֆարմանյանս, Արա Սաղաթելյանը, ու հանցավոր խմբի այլ պարագլուխներ, իրենց կամքին հակառակ ներգրավել ենք նաև տասնյակ գիտնականների, փորձագետների, լրագրողների ու քաղաքական գործիչների՝ նրանց դրդելով ծավալել հակաադրբեջանական քարոզչություն: Ասվածի իրեղեն ապացույցը՝ հրատարակված տասնյակ գրքեր, բրոշյուրներ, ֆիլմեր, ելույթներ, հարցազրույցներ և այլ, հանցավոր խմբի մի շարք անդամներ, ինքնաբացահայտվելով, այսօր բերել էին ԱԱԾ շենքի մոտ ցուցադրության: Պատրաստ եմ վկայակոչել շատ ավելի մեծ թվով իրեղեն ապացույցներ հանցավոր խմբի մյուս անդամների հետ հետագա առերեսումների ժամանակ:

Ավելին, ինքս հատուկ դիտավորությամբ, 2012-2017 թթ. ընթացքում, ղեկավարելով Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը, հայկական պատվիրակության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ստիպել եմ իր կամքին հակառակ սեփական ճամպրուկում թաքցնելու եղանակով Ստրասբուրգ և Բրյուսել տեղափոխել հանցավոր խմբի կողմից հրատարակված հակաադրբեջանական գրականություն, ցանկություն ունենալով այդկերպ վերջինիս ևս ներգրավել հանցավոր խմբի կազմում: Սույնով հավաստում եմ, սակայն, որ այդ ամենը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կամքին հակառակ, ու վերջինս տեղյակ չի եղել իր ճամպրուկով Ստրասբուրգ ու Բրյուսել փոխադրվող գրականության հակաադրբեջանական բովանդակությանը:

Հանցավոր խմբի գործունեության հարյուրավոր այլ դրվագների, նրանում ներգավված տասնյակ «անկիրթ» ու «ոչ կառուցողական» անձանց հանցավոր գործունեության մասին մանրամասները թողնելով հետագա գրավոր ցուցմունքներիս, սույն հաղորդմամբ հավաստում եմ, որ գիտակցում եմ կատարածիս մեղքի ողջ ծանրությունը, պատրաստ եմ ողջ ծավալով համագործակցել իրավապահ մարմինների հետ՝ բացահայտելու իմ, Արա Սաղաթելյանի և հանցավոր խմբի այլ պարագլուխների տարիներով կատարած հանցագործությունների ամբողջ պատկերը: Ավելորդ է ասել, որ զղջում եմ կատարածիս համար, թեև պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը:

Փա՜ռք մեծ առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Փա՜ռք մեր ժամանակների խելք, խիղճ ու պատիվ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Փա՜ռք «Իմ քայլը» դաշինքին: Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք:

Հ.Գ. Հումորից զուրկ ընթերցողներին խորհուրդ է տրվում կարդալ ու առաջ անցնել»: