Հեռու է ուղին դեպի «միասնականություն»

128

Հեռու է ուղին դեպի «միասնականություն»: Հեռու է դեպի այդ միֆը տանող հարդային արահետը մեր:

     Մենք չենք գնում դեպի ինչ-որ մի տեղ: Մենք քայլում ենք աչքներս փակ, ինքնաբերաբար, «ընդհանուրի» և առհասարակ բոլոր գիտակցումներից անջատ՝ հրմշտելով մեկս մեկին, ամենքն ամենքին: Տպավորություն է, որ մենք, մեր աչքերը փակելով, արհեստականորեն մթնշաղ ենք ապահովում մեզ համար, մինչդեռ մեզ արթնություն է պետք, բա՜ց մի առավոտ:

     «Միասնականությու՜ն» են գոռում և՛ աջից, և՛ ձախից, հարավից, հյուսիսից: «Միասնականություն» է գոռում լիբերալը, պահպանողը, ապտակողն ու ապտակվողը, ցածից մինչև վեր բոլորը: Բայց նախքան այդ բաղձալի բառին հասնելը դեռ ինչքա՜ն բառ ու բառակապակցությններ կան, որ պետք է իրագործվեն: Մինչ այդ մեզ պետք է  սեր, հանդուրժում, զսպվածություն, սեփական գույնի, սեփական մաշկի, նույն դրոշի տակով անցնողների հանդեպ համակրանք, նույն ցավով մղկտացողների հանդեպ միօրինակ կարեկցանք: Մինչև այդ բառին հասնելը նախ պետք է ձեռքսեղմում, որի համար մեկնվող թաթեր են անհրաժեշտ, որ չկան: Հիմա միայն բամբակե հալածանք կա Հայաստանում, սպիտակ հետապնդում, սպիտակ նախատինք: Ո՞վ պետք է ձեռք մեկնի միասնականության ու իրագործի գրքային խոսքը վերջիվերջո:

    Երևանից, որն այդպես էլ անհայտ է, թե ի վերջո հյուսի՞ս է, հարա՞վ, կամ ուղղակի անանուն մի մարզ, ես ասում եմ, որ մեզ հանդուրժում է պետք: Հանդուրժելով քայլել, այլ ոչ՝ գնալ: Մրջյուններն իրագործում են մարդկանց համար հորինված և հորինվող բոլոր օրենքները, գրքային բարեկեցություն սերմանող բոլոր մետաֆորները անհաշիվ թիվ-թվականներ առաջվանից, և մենք ենք, որ բացի իրենց տրորելուց ուրիշ ոչինչ չսովորեցինք: Նախանձելիորեն զուսպ, համախումբ տանում են բեռները հատիկ-հատիկ, մեկիկ-մեկիկ, և դեռ ոչ ոք չի կարողացել համոզել, որ այդ փշուրը, որի համար գուցե կոտորվում են մրջյունները, անկարևոր է աշխարհային մնացյալ, բարդ թվացող խնդիրների համեմատ: