Այս ֆարսը պայթելու է, բայց ուզում եմ՝ իրավապահ համակարգն իմանա, որ պայթելով չի ավարտվելու. Կարեն Բեքարյան

43

Մենք գործ ունենք շատ մեծ, շատ իրական աբսուրդի հետ, ցանկացած մեկի համար, ով այս ամենին կողքից նայելու, այս ամենը պատկերացնելու հնարավորություն ունենա, կստեղծվի տպավորություն, որ ծուռ հայելիների թագավորությունում ենք, հոգեբուժարանում ենք: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԱԾ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու գործին եւ դրա շրջանակում ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորմանը:

«Խնդրի հետ կապված որեւէ հիմք, որեւէ առնչություն ինքս չունեմ, վստահ եմ՝ չունի նաեւ Արա Սաղաթելյանը: Այդ ամբողջ ֆարսը պայթելու է, բայց ասեմ՝ պայթելով չի ավարտվելու: Ես ուզում եմ՝ մեր ողջ իրավապահ համակարգը, առավել եւս այն հատվածը, որը կապված է այս թխվող, կարվող, անտաղանդ գործընթացի հետ, աչքի առաջ ունենան ընդամենը հետեւյալը՝պայթելով չի ավարտվելու»,-ասաց նա

Կարեն Բեքարյանն ասաց, որ գործ ունենք քաղաքական պատվեր իջեցնող այն մարդկանց հետ, ովքեր չեն ունեցել, չունեն, չեն էլ կարող ունենալ որեւէ բարոյական արժեք, որեւէ հարցի մոտենալիս չեն կարող հաշվի առնել արժեքները, օրինակ՝ մտածել, թե մարդն ով է, ինչ ճանապարհ ունի անցած:

«Գործընկերներից շատերը նոր ներկայացրեցին Արա Սաղաթելյանի անցած ճանապարհը, նրա ղեկավարածը, իրականացրածը: Նա մարդ է, ով պետության զգացողությունը կրում է իր մեջ: Դրա համար պետք է համապատասխան դաստիարակություն, իսկ այսօր մենք անդաստիարակների իշխանության ներքո ենք ապրում, դրա համար պետք է փորձ, հմտություն, անցած ճանապարհ, որ քո կենսագրությունը գրելուց ոչ թե հիշես, որ մանկապարտեզում, միգուցե, դայակը շնորհակալություն է ասել, այլ ունենաս իրական կենսագրություն ու այդ կենսագրության մեջ պետության, երկրի հետ կապված ինչ-որ բան լինի»,-ասաց Կարեն Բեքարյանը:

Նա ընդգծեց՝ Արա Սաղաթելյանը շատ հանգիստ նայելու է իր երեխայի աչքերի մեջ, բայց «մարդկանց ահագին մեծ քանակ իրենց երեխեքից է անեծք լսելու»:

Կարեն Բեքարյանը մի քանի հնարավոր պատճառ նմշեց, թե ինչու է հարուցվել այս քրեական գործը.  առաջինը, փորձում են շեղել մարդկանց ուշադրությունը իրկան խնդիրներից,. Մասնավորապես, գերիների խնդրից. «Երկրորդ պետք է փորձել տարաբնույթ խնդիրներով փորձել հանրությանն այս ամբողջ եղած-չեղածը մարսեցնել տալ: Նույն Արա Սաղաթելյանը եթե իմանար, որ մենք այսպիսի միջոցառման մեջ ենք, կասեր՝ «մի արեք, իմ խնդրով մի ծածկեք պետության կործանումը»: Այսինքն փոքր-փոքր խնդիրներով, սկանդալներով փորձել մարսեցնել գործընթացը: Երրորդ՝ ուղղակի պատվեր Ալիեւի կողմից՝ ոլորտ առ ոլորտ իրական հակադրվողներին շարքից հանելու: 4-րդ  մոտակա օրերին նոր փաստաթուղթ կամ պայմանավորվածություն, – ասաց վերլուծաբանը։