Մելիք-Շահնազար 2-րդ

675

                  Մելիք-Շահնազար 2-րդ

Այս Մելիք-Շահնազարը հայոց պատմության մեջ մնաց իբրև եղբայրասպան ու դավաճան:
Ձգտելով իշխանության ու փառքի` մի գիշեր հարձակվում է Վարանդայի Մելիք-Հովսեփի տան վրա, սպանում է եղբորը, կոտորում նրա ամբողջ ընտանիքը:
Րաֆֆին գրում է, որ Մելիք-Հովսեփը և Մելիք-Շահնազարը խորթ եղբայրներ էին, վերջինը ծնված էր Մելիք-Ավան-խանի Աննա -խաթուն կնոջից, որը Տիզակի իշխան Մելիք-Ավան-խանի քույրն էր, իսկ Մելիք- Շահնազարը ծնված էր Զոհրա-խանումից, որը Նախիջևանի խանի աղջիկն էր, ազգությամբ`թուրք, ում Մելիք-Հուսեյնը իբրև գերի բերել էր Նախիջևանից, հետո ամուսնացել նրա հետ:[1]

Իր ձեռքերն արյունոտելով այս եղեռնագործության մեջ` Մելիք-Շահնազարը դառնում է Վարանդայի տերն ու տիրականը:
Նրանից վրեժխնդիր լինելու համար միաբանվում  են  Արցախի մյուս չորս մելիքները` Գյուլիստանի Մելիք-Բեգլարյան Մելիք-Յուսուբը, Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Ալլահ-ղուլի-սոլթանը, Խաչենի Մելիք-Ալլահվերդին և Տիզակի Մելիք-Ավանյան Մելիք-Եսային:
Մելիքները պաշարում են  Ավետարանոց բերդը, բայց գրավել չեն կարողանում, քանի որ ձմեռ էր, ավերելով Վարանդայի գյուղերը` նրանք հեռանում են գարնանը կրկին  արշավելու մտադրությամբ:

Եվ հենց այս ժամանակ Մելիք Շահնազարը իրեն  դաշնակից է դարձնում ջվանշիրցի ավազակին, ով վաղուց դիտավորություն ուներ մտնելու անմատչելի Ղարաբաղի սրտի մեջ, ում Բայաթի և Ասկարանի բերդերը հայոց մելիքները ոչնչացրել էին:
Ահա թե ինչ է գրում Րաֆֆին այս ավազակի մասին.« Ջուանշիրցիները, որպես մի խաշնարած և թափառաշրջիկ ժողովուրդ, ձմեռը անց էին կացնում Կուր գետի աջ ափերի մոտ տարածված տափարակների վրա, բնակվելով շարժական տաղավարների մեջ կամ գետնափոր խրճիթներում, իսկ գարնան սկզբից մինչև աշնան վերջը սփռվում էին Ղարաբաղի լեռների վրա, իրանց անասունները արածացնելու համար: Զուրկ լինելով հաստատ բնակությունից, նրանք զուրկ էին և հողի  սեփականությունից: Ամբողջ Ղարաբաղը գտնվելով հայ մելիքների իշխանության ներքո, ջուանշիրցիները ստիպված էին իրանց անասունները արածացնել մելիքների արոտատեղիներում… Փանահ-խանը մտածում  էր Ղարաբաղի լեռների վրա, մի տեղում, հաստատ ոտքի տեղ ունենալ: Մի ամուր դիրք ռազմագիտական նպատակով նրան պետք էր իր նպատակները իրագործելու համար:
Սկզբում նա գնաց Բայաթ և այնտեղ սկսեց մի բերդ հիմնել: Բայց Գյուլիստանի Մելիք-Բեգլարյան Մելիք-Յուսուբը և Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Մելիք-Ալլահ-ղուլի սոլթանը ,միանալով Շիրվանի Հաջի Չելեբի անունով կառավարչի հետ, ոչնչացրին այդ հիմնարկությունը: Հետո նա սկսեց Շահ-բուլաղի մոտ, Թանրակյուրտ (Տիգրանակերտ) կոչված ավերակների վրա  մի այլ բերդ կառուցել Ասկարան անունով:
Բայց Գյուլիստանի Մելիք-Յուսուբը, Ջրաբերդի Մելիք-Ալլահ-ղուլի սոլթանը և Խաչենի Հասան-Ջալալյան Մելիք-Ալլահվերդին այդ բերդը գտնելով իրենց երկրների սահմաններին, սկսեցին պատերազմել նրա հետ և դարձյալ ոչնչացրին:
Տեսնելով այդ արգելքները հայ մելիքների կողմից, խորամանկ Փանահ-խանը մտածեց երկպառակել նրանց միաբանությունը և այսպիսով թուլացնել նրանց ուժերը, որպեսզի կարողանա իրագործել իր նպատակները…
Փանահ-խանը մի քանի անհաջող փորձերից հետո վերջապես համոզվեցավ, որ Ղարաբաղի մելիքների միաբանությունը քանդելու համար և Ղարաբաղի մեջ մի հաստատ դիրք բռնելու համար անպատճառ հարկավոր է, որ մելիքներից գոնե մեկին գրավե իր կողմը…
Երկու դաշնակիցները հայ մելիքների հարձակումներից պաշտպանվելու համար որոշում են մի անմատչելի բարձրավանդակի վրա հիմնել բերդ-ամրոց:
Գտնելով մի ամուր դիրք`  Մելիք-Շահնազարը  սկսում է բերդի կառուցումը`այն անվանելով Շոշի կամ Շուշի. «Մելիք-Շահնազարը իր ձեռքով դրեց նրա առաջին քարը, որ իր և ամբողջ Ղարաբաղի մելիքությունների գերեզմանը դարձավ…»[2]


[1] Րաֆֆի, Խամսայի մելիքություններ, Երևան, 1987, էջ`452:

[2] Րաֆֆի, Խամսայի մելիքություններ, Երևան, 1987, էջ`454: