Հայկ Սիրունյան «Այց»

414

 ԱՅՑ

   Երևանյան ստրկավայել, ճնշող տոթերը սկսվել էին արդեն: Մենք՝ երկու ընկեր դուրս եկանք խմբագրությունից և հակառակ շոգին՝ ունեինք փառահեղ գոհունակ տրամադրություն: Ըստ երևույթին հոնորարի ավետաբեր գալստյան պատճառով: Այդ հոնորար ասվածը ամենքիս ականջներում փոքրիկ պայքարի շշնջոց էր և ոչ ավել, որ լսում էինք ամեն ամսվա նույն օրը, խանդավառվում, ինքներս մեզ և ինչո՞ւ չէ ողջ աշխարհին խոստումներ շռայլում, բայց և արագ մոռանում, քանզի շատ ցածր էր այդ «փսփսոցը»: Մենք քայլում էինք կանոնիկ, տակտով, ինտելիգենտին հատուկ կեցվածքով: Ամենքիս ձեռքին մեկական օրինակ նոր տպված թերթից էր, որին թղթակցում էինք ու բռնել էինք այնպես, ասես քայլում էինք դեպի բեմը, ուր պետք է ամրացնեն դա մեր քրծքին:

    Մենք գնում էինք տեսակցության: Ես և Գարդմանը՝ ընկերս: Քայլելուց և Օգոստոսյան տապից այլայլված մենք վերջապես հասանք հիվանդանոց, մտանք նախասրահ և օդորակիչի հովը մեղմացրեց մեզ: Մոտեցանք մի աշխատակցի և Գարդմանն ասաց.

-Ներեցե’ք, չէի՞ք ասի, թե որ պալատում է պառկած Պոեզիան:

-Մեկ վայրկյան,-ասաց կինը և լեզվով մատը թրջելով` թերթեց գրանցամատյանը,- Պոեզիային երեկ իջեցրել ենք վերակենդանացման բաժանմունք, Ռուստամ Գեորգիչը դեռ էնտեղ է, կարող եք մոտենալ…

Ոււղիղ ու ա՞ջ,- ընդհատելով հարցրեց Գարդմանը՝ ծանր շոյելով թավ այտամորուքը:

-Ազգակցակա՞ն եք

-Այո, այո,- արագ ասացի ես, ու սկսեցինք առաջանալ:

Վճարեցինք դրամարկղում, մեր կեսժամյա այցի կտրոնը վերցրինք ու մտանք փակ դռներից ներս, դեպի ճերմակ, սարսափելու աստիճան սպիտակ միջանցք, որի վերջնամասում գտնվում էր հիվանդասենյակը: Մենք դանդաղ քայլում էինք՝ նայելով աջ ու ձախ սենյակների դռներին, անուններին: Միջանցքի ծայրում, ձախ կողմում մի դուռ էր կիսաբաց, ու դա էր հենց՝ ընդհանուր սենյակը: Մտնելով միանգամից աչքներս կկոցեցինք հիվանդության լեղի բույրից, որ խառնվել էր դեղի դառնահոտությանը: Մենք սփրթնեցինք. Սարսափելի էր: Արթուն հիվանդներն արագ իրենց մեղկ հայացքներն ուղղեցին մեզ (իհարկե ովքեր ի վիճակի էին), իսկ մենք կարեկից, սակայն անկարող առաջ եկանք: Գարդմանը,  արագ կողմնորոշվելով, անկյուններից մեկում գտավ մի բուժքրոջ, և ես հասցրի նկատել թղթադրամի գրպան սողոսկելն ու դրա սվսվոցը՝ քսվելով հագուստին: Մի երկու խոսք էլ քրթմնջաց ու եկավ: Ես սթափվեցի՝ դեմքիս հասած աներևույթ ապտակից, երբ տեսա Պոեզիային՝ կիսաստվերոտ անկյունում անբնական քնի մեջ պառկած: Գարդմանն ասաց.

-Հենց էս կողքի պահարանին էլ դիր էդ մտքերը, էս գինին էլ դրանց դեմը դիր:

Ես դրեցի մի տոպրակ միտք, գինին, որ Գարդմանը գյուղից էր բերել, հոր քաշածն էր: Հուզվեցի, որ բախտ վիճակվեց տալ դրանք այն ժամանակ, երբ արդեն գուցե անկարևոր են դրանք, բայց խնամքով տեղավորեցի, ու մի քայլ ետ եկա և ականջս առավ մի զրույց.

    -Անունդ ի՞նչ ա սիրուն տղա,- ասում էր կողքի պառկածը:

   -Աստծու բարի: Գարդման, հոպար ջան:

   -Արա, ինչ ընտիր երևույթ ա, հրաշք ուղղակի: Առիթ էղել ա վերևում մի քանի ժամ շփվելու: Մի սենյակում էինք պառկած: Էն էլ խոլեստերինս բարձրացավ, իջացրին ստեղ ու տեսնեմ կողքս ա. Վատացել ա փաստորեն ինձնից վերան:

Գարդմանը գլխով կարեկցական ազդանշաններ էր անում:

-Ձեր մոտ ի՞նչ ա,- հարցրի ես:

-Չէ, իմը թեթև ա, էս քանի օրը կբարձրացնեն պալատ, հետո դուրս կգրեն: Թոռս էլ ծնվելա շաբաթ օրը, ես էլ էս անտերանոցն եմ, ը՜հ…

-ծը՜, ծը՜ ծը՜,- գլուխը ցավալի օրորեց Գարդմանը

-Չնայած մեկ էլ նայում եմ նենց դեպքեր ա լինում, որ էլ քո վիճակն էլ աչքիդ չի գալիս. Հեն ա էրեկ իրիկունը Առակ անունով մի հատ հավեսին մարդ էր, պատահակա՜ն, քնում ու չի հելնում: Ա՜յ, էն անկյունում էր պառկած, շաբաթվա վերջ էլ պիտի դուրս գրեին:

Ասեց ու նայեց Պոեզիային, որ պառկած էր խճճված լարերի հանգույցներ մեջ:

   Ներս մտավ բուժքույրը, առանց մեզ նայելու գնաց առաջ, անկյունում պառկած մի հիվանդի մոտ.

-Հա Ռուստամ Գեորգիչ,- հեռախոսն ականջին ասում էր,- Գրաբարի սալտուրացիան ստուգել եմ, ֆելիետոնը, դե՜… մյուսին էլ օրվա մորֆին ստացել ենք, սրսկել ենք, բանը… էտ բանահյուսու…- դարձավ ձայնն անլսելի. արագ-արագ գնաց:

Արդեն սարսափելի էր, ծանր, օդը խեղդում էր: Թիկունքից դժբախտ հիվանդներ, իսկ առջևում մեր Պոեզիան: Նայեցի Գարդմանին, ծամածռած դեմքն էլ էր համաձայն դուրս գալուն: Զրուցակցին արագ ցտեսության ու ապաքինման երկտողեր ասացինք, շոշափեցինք Պոեզիայի ձեռքը, ու ես լաց եղա: Աստված իմ, կիսաձայն չգիտես, թե ինչ շշնջացի ականջին՝ մանկական այն համոզմունքով, թե լսում է նա ինձ ու գլխիկոր քայլեցինք դեպի դուռը: Վերջինը ես ելա ու մի հետհայացք նետեցի, կարծելով, թե նրա բաց աչքերը կտեսնեմ, բայց փոխարենը անբնական շունչ-արտաշունչ՝ թթվածնի ձողիկով, սրտի զարկերը չափող սարք, որի ֆոնին մեր զրուցակիցն էր՝ հայացքը պատուհանից դուրս գցաց: Փոքր- ինչ այն կողմ մյուսները՝ նույն ախտորոշմամբ: Այդ տեսարանը վստահ եմ միշտ մտքումս կմնա, համենայնդեպս մինչև իմ այդպիսի ախտորոշումը:

   Դուրս եկանք միջանցք: Ետկեսօր էր, նույն դատարկ միջանցքը, սարսափելի սպիտակ ուր արևի մի շող էր ընկած մի ծայրից մյուսը: Աչքիս ինչ-որ բաներ երևացին, բայց չհամարձակվեցի հարցնել Գարդմանին, որ քայլում էր գլխիկոր, և ում առաջին անգամ տեսել էի հուզված: Ես տրորեցի աչքերս, ու մի պահ ինձ թվաց, թե միջնադարյան հագուստով ինչ-որ մարդիկ էին շարքեշարք խմբվել, նրանց մեջ կային նաև եվրոպական կոստյումով, գլխարկները ի խոնարհում ձեռքներում պահած մարդիկ: Շարվել էին դարերի հերթականությամբ, դեպի մեր օրեր: Նրանք ասես տեսակցության էին գալիս: Ես ցնորվել էի. Ինձ թվաց, թե բոլորին անխտիր ճանաչում եմ, բայց տենդի թունդ պահին Գարդմանը ձեռքը գցեց ուսիս ու զիջեց դռնով անցնելու հերթը: Մենք ելանք նախասրահ, ես ոչինչ չհարցրի, սթափվեցի, ու դուրս ելանք հիվանդանոցից: Մի-մի ծխախոտ վառեցինք ու քայլեցինք և Գարդմանն ասաց.

-Հո զոռով չի, մեր մոտ չկա էլի բժշկություն: Էս վերևի խոսացողի անունը էսսե էր: