Արժեքների խեղափոխություն

169

Հասարակությունը՝ իր ձևավորման ողջ ընթացքում որդեգրել է նիստուկաց, բարոյականության ուրույն ընկալում, պատմական հաջողությունների և անհաջողությունների և դրանցից ի հայտ եկած հերոսների և հակահերոսների մասին պատկերացումներ։ Այս ամենի ամբողջությունն՝ իր հերթին, ներառելով կրոնական բարոյագիտությունը, ձևավորել է ամեն հասարակության արժեհամակարգ՝ հիմնված պատմական և գենետիկ հիշողության վրա։

Աշխարհի պատմության ողջ ընթացքում ժամանակ առ ժամանակ տեղի են ունեցել համաշխարհային իրադարձություններ, որոնք ժամանակի ընթացքում փոխել են համընդհանուր արժեհամակարգը կամ լոկալ իրադարձություններ, որոնք ազդել են կոնկրետ սոցիումի, ցեղի, ազգի, իսկ մեր օրերում՝ քաղաքացու բարոյական և արժեքային ընկալումների վրա։ Մեր օրերում արժեքները կամ ընդհանուր առմամբ, արժեհամակարգը ակտիվ քննարկման թեմա է դարձել։ Այն քննարկվում է շատ երկրներում, քննարկվում է աշխարհի «տերերից» սկսած՝ մինչև փողոցի տաղավարներում նարդի խաղացող ծերունիների շրջանակում։

Հայաստանում այս թեման իր արդիականության հերթական անգամ վերագտավ 2018 թվականի քաղաքական իրադարձություններից հետո։ Իրենց «հեղափոխական» հռչակած ուժերը՝ հանրային հարթակներում, իրար հերթ չտալով խոսում էին նոր արժեհամակարգ ձևավորելու ու հնից, նախկինից հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Իհարկե, ցանկացած արժեհամակարգ, ցանկացած հասարակարգ ունի իր խոցելի և երբեմն նաև ամոթալի կողմերը։ Բացառություն չէր նաև Հայաստանի՝ «հին» հռչակված արժեհամակարգն ու ապրելակերպը։ «Հին» արժեհամակարգը քանդելու ուղղությամբ «նորերը», իհարկե, գործուն քայլեր ձեռնարկեցին՝ «հերոսի» կոչումը կրող անձանց ձերբակալելով, շատերին նաև հանրային պարսավանքի ենթարկելով, կրթական միջավայրում ձևավորված ավանդույթները դուրս մղելով, եկեղեցու ու եկեղեցականների նկատմամբ հստակ վերաբերմունք և վարվելակերպ որդեգրելով։

Միով բանիվ, «հինը» քանդելու գործում հանդիպելով փոքր ու լոկալ դիմադրությունների՝ իշխանությունները գոնե այս հարցում, կարծես՝ ամբողջովին հաջողել են։ Ուրեմն ինչու՞մ է խնդիրը։ Չէ ո՞ր նրանք հենց դա էլ խոստացել էին։ Հիմնական խնդիրը նույնիսկ այն չէ, որ այս արժեհամակարգը՝ իր բոլոր խոցերով, ձևավորված է նաև բազմաթիվ իրական արժեքներից, մեզ հարազատ է և առնվազն մերժման ոչ ենթակա։ Խնդիրն այն է, որ հասարակությանը արժեքներից հեռացնելու կամ քեզ համար մերժելի արժեքները կործանելուն զուգահեռ՝ պետք է դրանք փոխարինել նոր՝ համարժեք սկզբունքներով։ Այլապես ժողովրդի, ազգի կամ հասարակության մոտ դրանից ձևավորված դատարկությունը անպայմանորեն լցվելու է ագրեսիայով, բարոյական նորմերին հակասող բազմաթիվ մերժելի երևույթներով և գաղափարական և հոգևոր սնանկությամբ։ Իսկ մեր «հեղափոխականները» «հնին» որևէ լուրջ այլընտրանք չառաջարկեցին՝ բավարարվելով ոգեշունչ ելույթներով և դատարկ պոպուլիզմով։ Այսպիսով, խոստացված արժեքային հեղափոխության փոխարեն՝ մենք ստացանք արժեհամակարգի խեղափոխություն։ Երևույթները, որոնք միշտ մերժելի էին, դարձան սովորական ու նույնիսկ ընդունելի։ Տարիներ առաջ դժվար էր պատկերացնել «հայհոյող հայ կնոջ և նրան ծափահարող տղամարդկանց» մասնակցությամբ հանրային տեսարան, բարդ էր պատկերացնել մահացածի հետևից հայհոյող հայկական ազգանունով տղամարդկանց բազմություն, դժվար էր պատկերացնել քաղաքական նպատակներով մարդու ծնողներին և զավակների նկատմամբ ճնշումների գործադրման տեսարաններ, դժվար էր պատկերացնել տղամարդու, ով սոցցանցերում հայհոյում է կնոջը և պատասխանատվության ենթարկվելու պահին մոտենալիս՝ արդարանում՝ դա ներկայացնելով որպես խոսքի ազատության դրսևորում։

Տարիներ առաջ դժվար էր Հայաստանում պատկերացնել մի իշխանության գոյություն, որը Արցախը կորցնելուց, բանակը կործանման տանելուց հետո՝ ոչ միայն ներողության ու ափսոսանքի որևէ խոսք չի ասի, ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվի, այլև կշարունակի իշխել՝ անընդհատ ավելի ու ավելի ցինիկ արդարացումներ բերելով։

Այսպիսով, «անցյալի» մերժումը դատարկ տեղ բացեց մեր հասարակության արժեհամակարգում, որը հետևողականորեն լցվեց աղբով։ Այս երևույթի դերը թերագնահատումը մեր հետ պատահած դժբախտության պատճառները վերլուծելիս՝ անթույլատրելի է և վտանգավոր։