Տարիների և տասնամյակների ընթացքում նրանք թունավորում էին մեր գիտակցությունը Արցախը հանձնելու թեզով. Ավետիք Չալաբյան

316

Երեկ լրացավ Արցախյան ազատամարտի 33-րդ տարեդարձը։ Այս անգամ մենք այն դիմավորում ենք ծանր սրտով՝ գերմարդկային ճիգով ազատագրված Արցախի մեծ մասը նորից հայտնվել է թշնամու ձեռքում, հազարավոր զոհերի շիրիմներ դեռ թարմ են, ու տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ մնացել են անտուն անցած պատերազմի արդյունքում։ Ու թերևս ամենաահավորը՝ արդեն շատերիս համար ակնհայտ է դարձել, որ անցած պատերազմում պարտությունը արդյունք էր մեր ազգի դեմ մեծ դավադրության, որին ցավոք գործուն մասնակցություն է եղել նաև ներսից։

Այս դավադրության արմատները շատ խորն են գնում, և նոր չեն։ Նրանք մեր գիտակցության մեջ են սկսել ներմուծվել դեռևս 1992 թվականին, երբ օրվա “խաղաղասերները” փորձում էին համոզել, որ մենք Արցախը ազատագրելու ուժ չունենք, և պետք է այն հանձնենք Ադրբեջանին։ Հետո, երբ ի հեճուկս նրանց, մեր ժողովրդի լավագույն մասը կռով ազատագրեց Արցախը, նրանք սկսեցին բոլորիս համոզել, որ մենք այն պահելու ուժ չունենք, և պետք է այն հետ հանձնենք Ադրբեջանին, որպեսզի “լավ ապրենք”։ Տարիների և տասնամյակների ընթացքում նրանք թունավորում էին մեր գիտակցությունը Արցախը հանձնելու թեզով, հակադրում Արցախում բնակվող մեր հայրենակիցներին մնացածների հետ, եղած հակասությունները և խնդիրները ուռճացնում՝ ատելություն սերմանելու համար, և խարխլում միասնական հայրենիքում ապրելու մեր բնական կամքը։

Երբ նրանց հոգեզավակները հասունացան և եկան իշխանության, նրանք սկսեցին հետևողականորեն ջարդել Արցախի ողնաշարը, տեղում իշխանության բերեցին իրենց կամակատարներին, և իրենց գործողություններով թուլացնելով թե Արցախի, և թե Հայաստանի դիմադրողականությունը, զուգահեռ կազմալուծեցին բանակցային գործընթացը, և մեր ոխերիմ թշնամիներին հնարավորություն տվեցին պատերազմ սանձազերծելու՝ ունենալով գերտերությունների թողտվությունը։ Արդյունքում այսօր, Արցախյան ազատամարտի 33-րդ տարեդարձին, մենք կարծես վերադարձել ենք նրա սկզբնական կետին՝ թշնամու կողմից գրավված Շուշի և Հադրութ, չորս կողմից թշնամու կողմից շրջափակված, վիրավոր Արցախ, վտանգված Սյունիք, և անթաքույց նոր պատերազմի պատրաստվող և լկտիորեն հոխորտացող թշնամի։

Այս ամենի ֆոնին կա սակայն հույսի շող՝ և Արցախում, և Երևանում, և Հայաստանի այլ բնակավայրերում մարդկանց աչքերը բացվում են, մարդիկ սկսում են հասկանալ, թե ինչպես են իրենց խաբել կեղծ խոստումներով և սին քարոզներով, և սկսում են հասկանալ, որ հողը, հայրենիքը, պատիվը չի կարելի վաճառքի հանել մի փոր հացի դիմաց։ Մարդիկ դեռ հաճախ լուռ, բայց սկսում են բարձրացնել գլուխները, սկսում են լցվել առաջ գնալու, սեփական ազատությունը և հավաքական պատիվը վերանվաճելու նոր վճռականությամբ։ Վերջին շաբաթների ընթացքում իմ բազմաթիվ շփումները և Արցախում, և Երևանում, և Հայաստանի տարբեր այլ բնակավայրերում ցույց են տալիս, որ մեր պատմության մեջ նոր էջ է բացվում, և հայ մարդը պատրաստ է պայքարել իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու, անվտանգ ու արդար երկիր կերտելու, այդ երկրում արարելու և զարգանալու համար։

Արցախյան ազատամարտի 33-րդ տարելիցին, ես ցանկանում եմ գլուխս խոնարհել բոլոր այն մարդկանց առաջ, որոնք անցած տարիների ընթացքում իրենց կյանքը նվիրեցին մեր ազատությանը, ինչպես նաև բոլոր նրանց, ով այսօր էլ պատրաստ են շարունակել մեր պայքարը։ Ես ինքս էլ պարտավորվում եմ երբեք նրանից ետ չկանգնել, և այդ ոգով դաստիարակել իմ զավակներին։ Եթե յուրաքանչյուրս մեր մեջ գտնենք այդպիսի վճռականություն, ապա այն հրաշալի, վառ և երկինք խոյացող քաղաքը, որը մենք կորցրեցինք մեր սիրտը ուտող որդերի պատճառով, մենք նորից կվերադարձնենք՝ որպես մեր ազատ կյանքի և արժանապատվության նոր, և այս անգամ մնայուն խորհրդանիշ։