Թուրքերը վաճառքի են հանել հայկական եկեղեցին

242

Ցեղասպան Թուրքիան շարունակում է յուրացնել  և հայկականությունից օտարել հայկական եկեղեցիները` հաճախ նույնիսկ վաճառքի հանելով այդպիսի կոթողները:

Մոտ մեկ ամիս առաջ թուրքական առևտրավաճառային կայքերից մեկը Արևմտյան Հայաստանի (ժամ. Թուրքիա) տարածքում գտնվող Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական եկեղեցին վաճառքի էր հանել` ոչ ավել, ոչ պակաս` 6 մլն թուրքական լիրայով: Դրա նախօրեին «Sahibiden.com» կայքում վաճառքի է հանվել նաև Բուրսայի մյուս հայկական եկեղեցին։ Վերջինը վաճառվում էր`   6 մլն 300․000 թուրքական լիրայով։ 
Հայտարարությունների մեջ նշված չէին` ինչ ծագում ունեն եկեղեցիները, ովքեր են կառուցողները, երբ են կառուցվել և այլն, նույնիսկ տեղեկություն չկար տարածաշրջանի  ու նրա դեմոգրաֆիական ներկա ու նախկին պատկերի մասին, միայն նշված էր, որ կարելի է այն օգտագործել որպես հյուրանոց, ժամանցի վայր, թանգարան և այլն:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Վաճառքի է հանվել Բուրսայի շրջանում գտնվող և մասնավոր սեփականության կարգավիճակ ունեցող պատմական եկեղեցին։ Եկեղեցին, որը կառուցվել է այստեղ ապրող հայերի համար, փոխանակությունից (1923թ․ հույն-թուրքական բնակչության փոխանակություն) հետո բնակիչների հեռանալու պատճառով անցել է մասնավոր սեփականության և 1923թ․ ի վեր մի որոշ ժամանակ շահագործվել է որպես ծխախոտի պահեստ, այնուհետև կարի ֆաբրիկա»:

Մինչև 1915թ. Բուրսայում և շրջակայքում  գոյություն է ունեցել 17 հայկական եկեղեցի (Սբ. Աստվածածին, Սբ. Հրեշտակապետ, Սբ. Սարգիս, Սբ. Թադևոս Բարդուղիմեոս, Սբ. Հակոբ, Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Կարապետ  և այլն):

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ