Չլուծված բազմաթիվ հարցեր ու տարաբևեռ մեկնաբանություններ՝ պատերազմից երեք ամիս անց․ «Փաստ»

155

«Փաստ» օրաթերթը գրում է․ bbc.com-ը «Ղարաբաղը պատերազմից երեք ամիս անց» վերնագրով հոդվածում գրում է, որ Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը զեկույց է ներկայացրել Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, որում նախանշել է այն դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և մարդասիրական խնդիրները, որոնք մնացել են չլուծված ղարաբաղյան վերջին պատերազմից հետո: 44-օրյա պատերազմը Ղարաբաղում ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 10ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ: Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել Ղարաբաղի շուրջ գտնվող յոթ շրջանների և Լեռնային Ղարաբաղի մոտ մեկ երրորդի նկատմամբ։ Այդ հայտարարությունը գրեթե առանց մանրամասների, շատ կարճ փաստաթուղթ է, և դրա շատ կետեր մեկնաբանվում են արմատապես հակառակ ձևով:

Օրինակ՝ նախատեսված է հայկական զինված ուժերի դուրսբերում: Դրան Բաքվում և Երևանում տարբեր կերպ են պատասխանում: Հայկական կողմը կարծում է, որ այդ կետը վերաբերում էր միայն Ադրբեջանին անցած տարածքներին: Ադրբեջանը, սակայն, պնդում է, որ Հայաստանի զինվորները պետք է լքեն Ղարաբաղը, և անգամ Հայաստանի կառավարության պաշտոնյաները պետք է Բաքվից թույլտվություն խնդրեն այդ տարածք այցելելու համար: Երկու կողմերի համար էլ դա սկզբունքային խնդիր է, և լուծման հույս գրեթե չկա: Ալիևի, Փաշինյանի և Պուտինի միջև համաձայնության կետերից մեկը ռազմագերիների և զոհվածների փոխանակումն է, բայց երեք ամիս անց էլ այդ թեման մնում է ցավոտ խնդիր: Տասնյակ, իսկ ըստ որոշ գնահատականների՝ հարյուրավոր գերեվարված հայեր են մնում Ադրբեջանում, և անհայտ (բայց քիչ) թվով ադրբեջանցիներ դեռ հայկական գերության մեջ են:

Ավելին, ավելի քան 60 հայ գերի է ընկել պատերազմի ավարտից հետո, և Բաքուն ցանկանում է նրանց դատել որպես հանցագործներ: Անգամ ՄԱԿ-ն է դատապարտել գերիների վերադարձի դանդաղումը: Նոյեմբերի 10-ի հայտարարությունը ոչ մի կերպ չի կարգավորել Թուրքիայի դերը Ղարաբաղում, բայց վերջին մեկ տարվա ընթացքում նա դարձել է տարածաշրջանային գործընթացների առանցքային մասնակից: Թուրքական ռազմական տեխնիկան, առաջին հերթին՝ հարձակողական անօդաչու թռչող սարքերը, կարևոր դեր են խաղացել ռազմի դաշտում Ադրբեջանի հաղթանակի մեջ: Անկարան, սուր քննադատության ենթարկելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, հավակնում է մասնակցել դիվանագիտական գործընթացին, բայց այս պահին նա միայն սահմանափակ դեր է ստացել Աղդամի մոտակայքում Ռուսաստանի հետ համատեղ դիտարկման կենտրոնում: Հայ և ադրբեջանցի ազգերի թշնամությունն արտահայտվում է նաև պատմական վեճերում: Պատերազմի արդյունքում միջնադարյան շատ հայկական հուշարձաններ են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ: Ղարաբաղի հյուսիսում գտնվող Դադիվանքը ռուս խաղաղապահների պաշտպանության տակ է, սակայն քրիստոնեական այլ հուշարձանների ճակատագրերն անհանգստացնող են:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նպատակ ունի պատվիրակություն ուղարկել Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար, բայց պաշտոնական Բաքուն արգելափակում է այդ առաքելությունը և պահանջում է պատասխանել այն ողջամիտ հարցին, թե որտե՞ղ էր միջազգային հանրությունը, երբ ոչնչացվել և պղծվել են թուրքական և իսլամական մշակույթի հուշարձանները հայկական ուժերի գրաված յոթ շրջաններում։ Դե Վաալը նշում է, որ հայկական հուշարձանների ճակատագրով մտահոգությունը պայմանավորված է Ադրբեջանում հայկական մշակույթի հետքերի ոչնչացման նախադեպերի առկայության և Ադրբեջանի իշխանությունների այն հայտարարությունների հետ, որ այդ միջնադարյան հուշարձաններն իրականում Կովկասյան Ալբանիայի ժառանգությունն են: Բայց այդ տեսությունը ընդունում են միայն ադրբեջանցի պատմաբանները: Ռուս խաղաղապահների՝ հինգ տարի ժամկետով տրված մանդատը, որը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ, ենթադրում է խաղաղության պահպանում, բայց իրականում մոտ 2000 խաղաղապահներ զբաղված են խնդիրների ավելի լայն շրջանակով՝ սկսած ենթակառուցվածքների վերակառուցումից մինչև օգնություն փախստականներին:

Լեռնային Ղարաբաղի՝ հայերի վերահսկողության տակ մնացած հատվածի խնդիրների լուծումը պահանջում է սերտ համագործակցություն չճանաչված ԼՂՀ քաղաքական ղեկավարության հետ, բայց այդ չճանաչված հանրապետության առաջին դեմքերը Բաքվում համարվում են հանցագործներ: Արդյունքում, որպեսզի Ադրբեջանը չխանգարի մանդատի երկարաձգմանը, խաղաղապահները պետք է շարունակեն աշխատել Ղարաբաղի հայաբնակ հատվածում առանց Բաքվի զայրույթն առաջացնելու: ԵԱՀԿ Մինսկի խումբը պատերազմից առաջ Ղարաբաղի հարցով բանակցությունների հիմնական միջազգային հարթակն էր, և հենց նրա շրջանակներում պետք է լուծվեր հիմնական հարցը. ի՞նչ է լինելու Լեռնային Ղարաբաղի հայաբնակ հատվածի հետ: Վերջերս Ադրբեջանը սկսել է պնդել, որ այն պետք է միանա իրեն առանց որևէ ինքնավարության: Հայաստանում կոչ են անում ճանաչել այն որպես անկախ հանրապետություն: Ռուսաստանը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր աշխատանքը։

Բայց այդ խմբի իրական ազդեցությունը հակամարտության կողմերի վրա դժվար է գնահատել, քանի որ զինադադարը ձեռք է բերվել առանց Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, իսկ Ղարաբաղում գտնվող խաղաղապահները բացառապես ռուսներ են: Ավելին, Ադրբեջանը Ֆրանսիայի դիրքորոշումը համարում է հայամետ և չի տեսնում այդ երկիրը որպես չեզոք միջնորդ: ԱՄՆ-ին վերաբերմունքը, իհարկե, հարգալից է, բայց վերջին տարիներին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը քիչ է հետաքրքրվում Հարավային Կովկասով: Ներկայումս Ղարաբաղի հիմնական խնդիրները ենթակառուցվածքների վերականգնումն ու փախստականների վերադարձն է: Ավելին, այդ հակամարտությունը երբեք չի լուծվի առանց իրական հաշտեցման և երկխոսության երկու երկրների ժողովուրդների միջև: Ընդ որում, առաջնահերթ երկու խնդիրներն էլ, այն է՝ տնտեսական օգնությունը և խաղաղապահ առաքելությունը, պահանջում են ԵՄ-ի և նրա կառույցների լուրջ և երկարաժամկետ մասնակցությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում