5-րդ դարի հայ նախարարական տոհմերը

252

Ռազմական պատմության մասնագետ Մհեր Հակոբյանի անդրադարձը պատմական այդ կարևոր ժամանակահատվածին, –

428 թ-ից հետո Մարզպանական Հայաստանում հաստատված ՎԱՂ ՖԵՈԴԱԼԱԿԱՆ տիպի հասարակական հարաբերություններում առաջնային դեր ունեին խոշոր հողատեր նախարարական տոհմերը, որոնց մեջ առաջին դերերում էին հատկապես Մամիկոնյանները, Բագրատունիները, Սյունիները, Արծրունիները և Կամսարականները:

Քննարկվող ժամանակաշրջանում ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐԻՆ գլխավորում էր 432 թվականից սպարապետի պաշտոնը վարող Վարդան Քաջ Մամիկոնյանը (432-451), որին աջակցում էին իր եղբայրներ Համազասպը և Հմայակը։ Վարդան Քաջ Մամիկոնյանը, ի տարբերություն գրեթե ոչ մի բանով հայտնի չդարձած իր հոր, մինչ այս զբաղեցնում էր Բյուզանդական կայսրության բանակի ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒԺԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ պաշտոնը, սակայն վերջինիս մահից հետո տեղափոխվեց Մարզպանական Հայաստան և միանգամից էլ ակնառու դեր զբաղեցրեց Պարսից թագավորության ռազմական համակարգի մասը հանդիսացող Մարզպանական Հայաստանի ռազմական ենթահամակարգում նույնիսկ անկախ այն բանից, որ զբաղեցնում էր սպարապետի պաշտոնը: Հանդիսանալով քաջ և խիզախ մի զորական, ինչպես նաև՝ տաղանդավոր զորավար՝ Վարդան Մամիկոնյանը սկսած 432 թվականից ու մինչև իր մահը, ըստ Մեսրոպ Վայոցձորեցու և Վարդան Արևելցու արժեքավոր տեղեկությունների, 19 տարում ամենատարբեր մարտերում տարավ 42 ՀԱՂԹԱՆԱԿ, ընդ որում, դրանց հիմնական մասը՝ հեփթաղների դեմ Պարսից թագավորության արևելքում մղվող պատերազմում: Այս առումով հատկանշական է, որ սպարապետ Վարդան Քաջ Մամիկոնյանի անառարկելի հեղինակությունն և դերը մեծ էր ոչ միայն բանակում, այլ նաև Մարզպանական ողջ Հայաստանում ու Բյուզանդական կայսրությունում:

Մեր կողմից դիտարկվող ժամանակահատվածում Մարզպանական Հայաստանում ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԸ ներկայացված էին ի դեմս Սմբատ Բագրատունու (մոտ 388-440), որը հանդիսանում էր Արշակ IV-ի (378, 387-388` համիշխան, 378-387) դեմ պայքարած Վաղարշակ II-ի (378) կնոջ հայր Սահակ Բագրատունու որդին: Հետագայում Բագրատունիներին գլխավորեց Սմբատի որդի Տիրոցը (մոտ 440-450), ընդ որում Բագրատունի այս երկու իշխաններն էլ խիստ զգուշավոր և հավասարակշռված բնավորության տեր մարդիկ էին:

Դիտարկվող ժամանակաշրջանում Անդովկ Սյունու բուռն, հակասական ու երկարատև կառավարումից հետո դիրքերն այնուհանդերձ զգալիորեն ուժեղացրել էին նաև ՍՅՈՒՆԻՆԵՐԸ, որոնց գլուխ էր կանգնած Բաբիկ Սյունու որդի Վասակը (մոտ 410 – ուղ. 451), որը մրցակցային պայքարում կարողացել էր չեզոքացնել իր հորեղբայր Վաղինակին (մոտ 398-410): Վասակ Սյունին մեծ խելքի, եռանդի և կրթական զգալի մակարդակի տեր մի անձնավորություն էր, որին, սակայն, հաճախ պակասում էր իրական խորաթափանցությունը, ընդ որում վերջինս նաև թույլ էր բարոյական արգելակներից: Այս առումով ավելորդ չէ նշել, որ Վասակ Սյունին իրենից ներկայացնում է մեր պատմության, թերևս, ՀԱՆԻՐԱՎԻ ամենավիճահարույց համարված գործիչը, հանիրավի, որովհետև քաղաքական ու ռազմական դավաճանության մեջ ՈՉ ՄԻ ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ԲԱՆ ՉԿԱ և, առաջնորդվելով միայն ինչ-ինչ քաղաքական մղումներով, Սյունյաց այս իշխանի կերպարը արհեստականորեն բարձրացվել է վիճահարույցության մակարդակին, իսկ նրա գործողություններին էլ փորձ է կատարվել որոշակի արդարացումներ գտնել: Այսպես թե այնպես, սակայն մշտապես Մամիկոնյաններին ու Բագրատունիներին զիջող և դժվարությամբ Արծրունիների հետ մրցակցող Վասակին իր իշխանության օրոք հաջողվեց Մարզպանական Հայաստանում սեփական տոհմին առնվազն գոնե երրորդ տեղն ապահովել:

Մեհրուժան Արծրունու դավաճանական գործունեությունից հետո մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Մարզպանական Հայաստանում դիրքերի որոշակի անկում էին ապրել ԱՐԾՐՈՒՆԻՆԵՐԸ: Հետագա տասնամյակներում, սակայն, Արծրունիներին մեծապես հաջողվել էր ամոքել կորուստները և այժմ Արծրունիների նախարարները Մարզպանական Հայաստանի այլ նախարարների շարքում դժվարությամբ վիճարկում էին երրորդ դիրքը Սյունիների հետ: Մեր կողմից դիտարկվող ժամանակահատվածում Արծրունիների գլուխն էր կանգնած եռանդուն, բայց բարոյական սկզբունքներից որոշակիորեն զուրկ Շավասպը (մոտ 440 – ուղ. 449)՝ Վասակ Սյունու, ըստ էության, ՏԱՂԱՆԴԱԶՈՒՐԿ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ Արծրունիների տոհմում:

Մարզպանական Հայաստանի նախարարական ազդեցիկ տոհմերի հնգյակը եզրափակում էին ԿԱՄՍԱՐԱԿԱՆՆԵՐԸ, որոնք գաղափարապես ամենամոտն էին կանգնած մարտաշունչ Մամիկոնյաններին: Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Կամսարականների գլուխ էին կանգնած Գազավոն Կամսարականի որդի Հրահատը (մոտ 425-430) և վերջինիս տղա Սպանդարատը (մոտ 430-445), ընդ որում նրան էլ հաջորդեց քննարկվող ժամանակաշրջանի ամենաակնառու Կամսարականն, ի դեմս Սպանդարատի որդի Արշավիրի (մոտ 445-465): Մարզպանական Հայաստանի այսպես կոչված ԵՐԿՐՈՐԴ ԷՇԵԼՈՆԻ տոհմերի շարքում պետք է մատնանշել ամենից առաջ Ամատունիներին, Խորխոռունիներին, Ռշտունիներին, Մոկացիներին, Գնունիներին, Անձևացիներին, Վարաժնունիներին, Քաջբերունիներին և այլոց: Սրանց քանակությունը, հզորության համեմատական անկման, անցնում էր 400-ը, և սրանք բոլորն այս կամ այն չափով գործում էին առաջատար տոհմերի հնգյակ քաղաքական նախասիրությունների համատեքստում: