Վաղը Սյունիքում կկայանա անվտանգային հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը․Փաստինֆո

187

Վաղը՝ փետրվարի 19-ին Սյունիքում կկայանա Սյունիքի անվտանգային հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նիստին մասնակցելու են փոխնախարարներ, գերատեսչությունների ներկայացուցիչներ եւ պատգամավորներ.

«Նիստը տեղի կունենա Գորայքում: Նիստի նպատակը հետպատերազմյան ժամանակահատվածում Սյունիքում առաջացած խնդիրներն արձանագրելն է, օպերատիվ կերպով այդ խնդիրներին լուծում տալը, իսկ այն խնդիրները, որոնք օպերատիվ լուծման ենթակա չեն, կներկայացնենք կառավարություն»,-ասել է Արմեն Խաչատրյանը։

Սյունեցի պատգամավորը հայտնել է նաեւ, որ սա աշխատանքային խմբի երրորդ նիստն է:

Հիշեցնենք, որ Սյունիքի անվտանգային հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խումբը ստեղծվել է վարչապետի որոշմամբ՝ հունվարի 15-ին:

Այս օրերին «Փաստինֆո»-ն զրուցել է Սյունիքի տարբեր բնակավայրերի վարչական ղեկավարների հետ, որոնք ահազանգել են անվտանգային բազմաթիվ խնդիրների մասին. Ադրբեջանցիները շարունակում են մետր առ մետր առաջ գալ, արձակել կրակոցներ, որի հետեւանքով գյուղացիները վախենում են անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ զբաղվել, սրվում է սոցիալ-տնտեսական վիճակը, որի հետեւանքով որոշ բնակիչներ լքում են իրենց բնակավայրերը։