Նախկինները  հողերը լավ չէին հանձնում

366

ՀՀ գոյության գրեթե ողջ ընթացքում Արցախյան հարցը եղել է օրակարգային թիվ մեկ թեման։ Այս հարցի շուրջ հյուսվել են տասնյակ միֆեր, պատմվել տասնյակ «օդից կախված» լուրեր։ Հիմա էլ՝ շատերը՝ հանուն իրենց քաղաքական գոյության, փորձում են համոզել հասարակությանը, որ հարցը լուծված է, և պետք է համակերպվել ստեղծված իրավիճակին։ Անշուշտ, սա գոյություն ունեցող ամենահակահայկական թեզն է։ Բայց այժմ եկե՛ք խոսենք վերոնշյալ միֆերի մասին։

Հաճախ՝ խոսելով 1998-2008 թվականների բանակցային գործընթացի մասին՝  համակերպման թեզի քարոզիչները փորձում էին մեղադրել այդ ժամանակվա իշխանություններին «Մեղրին հանձնելու» պատրաստակամության մեջ։ Այս թեզի ջատագովները այնքան էին իջեցրել մակարդակը, որ իրենց դա ապացուցելու համար՝ խաղում էին հասարակության նուրբ լարերի հետ՝ այս դավադրապաշտական տեսության մեջ ընդգրկելով նաև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունը։ Այնինչ, ծանոթանալով բանակցային գործընթացի հանրությանը հասանելի մանրամասներին՝ պարզ է դառնում, որ խոսքը գնացել է ադրբեջանցիներին՝ հայկական ուժերի վերահսկողության ներքո, Մեղրիով անցնող  ճանապարհի տրամադրման մասին։ Իմիջիայլոց, սա երևի միակ տարբերակն էր, որում 6 շրջանների (Առանց Քաշաթաղի) ու ճանապարհի հանձնման դեպքում՝ Արցախը ստանալու էր կարգավիճակ՝ ՀՀ կազմում։ Իհարկե, անհնար է պնդել, որ այս տարբերակը շատ լավն էր կամ ամբողջությամբ ձեռնտու էր մեզ, ամեն դեպքում մի բան հստակ է՝ Մեղրիի հանձնման հարց այստեղ չկար։

Հետո նույն շրջանակները սկսեցին քարկոծել 2007-ին ընդունված Մադրիդյան սկզբունքները։ Սա ևս ներկայացնում էին որպես «հողերը հանձնելուն» միտված փաստաթուղթ։ Այնինչ՝ սա առաջին փաստաթուղթն էր, որում «տարածքային ամբողջականության» և «ազգերի ինքնորոշման» սկզբունքները դրված էին հավասար նշաձողի վրա։
Այս ազգակոծան շրջանակների համար իսկական «նվեր» դարձավ 2016 թվականի ապրիլյան էսկալացիան։ Նրանք սկսեցին պնդել, թե իբր սա «պայմանավորված պատերազմ էր» և որ մենք «պարտություն կրեցինք»՝ կորցնելով 800 հա տարածք։ Հետո, իհարկե, պարզ դարձավ, որ տեղի է ունեցել բնագծի փոփոխություն ու մենք կորցրել ենք մոտ 400 հեկտար տարածք, որը չի ներառել որևէ բնակավայր։ Թալիշ գյուղը, որն այս շրջանակները ակտիվորեն «հանձնում» էին, երկու տարի անց ամբողջապես վերականգնվեց և վերաբնակեցվեց։ Անտեսվեց այն փաստը, որ պատերազմը կանգնեցվել է Ադրբեջանի ԳՇ պետի՝ Ռուսաստանին ուղղված խնդրանքով, որի արդյունքում մենք ստացանք բազմաթիվ դիվանագիտական նվերներ։

Օգտագործելով առիթը՝ նույն շրջանակները Երևանի կենտրոնում ձեռնարկեցին ահաբեկչական գործողություններ՝ իբր պայքարելով «հող հանձնած» իշխանությունների դեմ։ Այս գործողությունների արդյունքում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհվեցին 3 ոստիկան։ Այս շրջանակները թերևս առաջին անգամ ստացան որոշակի աջակցություն՝ օգտագործելով մանիպուլիացիոն բոլոր հնարքները և ՀՀ-ում տարաբնույթ կորպորացիաների շահերը սպասարկող ցանցի ռեսուրսները։ Պարադոքսը նրանում  է, որ նույն շրջանակները, որոնք պնդում էին, թե մենք պարտություն ենք կրել պատերազմում և որ բանակը բավականաչափ զինված չի եղել, մեղադրում էին իշխանություններին պատերազմը կանգնեցնելու և մեր զորքերի առաջխաղացումը արգելելու մեջ։
Սրանից հետո այս շրջանակները սկսեցին պնդել, թե իբր ՀՀ իշխանությունները պատրաստվում են հանձնել Արցախի հանրապետության 7 շրջանները՝ առանց կարգավիճակի հարցի հստակեցման։ Այս շշուկների տարածմանը չխանգարեց նույնիսկ թշնամական պետության ղեկավարի հրապարակային բողոքը առ այն, որ իրեն՝ փակ դռների հետևում, ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
Ինչևէ, օգտագործելով այս բոլոր միֆերը, հետևողականորեն բորբոքելով սոցիալական տրամադրությունները՝ այս շրջանակներին վերջապես հաջողվեց 2018 թվականին իշխանությունից զրկել «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներին։
2018 թվականից սկսած՝ Արցախյան բանակցությունների տարեգրությունը սկսվեց սպիտակ թղթից։ Սկզբում ՀՀ իշխանությունները նախապայման առաջադրեցին բանակցային ֆորմատի վերաբերյալ, որը ի սկզբանե դատապարտված էր չընդունվելու։ Դրան հաջորդեց Հայաստանի իշխանությունների հայտարարությունները առ այն, որ բանակցություններ փաստացի չկան։ Իսկ բարձր մակարդակի հանդիպումները որակվում էին որպես զուտ կոնսուլտացիաներ։
Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանում ակտիվորեն տարածվում էին «հասարակությանը խաղաղության նախապատրաստելու» գաղափարներ։ Իշխանությունները հայտարարում էին, որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանական հասարակության համար։ Բանակը հետևողականորեն դատարկվում էր փառավոր մարտական ուղի անցած հրամանատարներից, դատական գործերի միջոցով ճնշումների էին ենթարկվում Արցախյան առաջին պատերազմի հերոսները։
Հայաստանում քաջատեղյակ շրջանակները և իրավիճակը քիչ թե շատ պատկերացնող մարդիկ զգուշացնում էին, որ այս քաղաքականությունը վտանգավոր է։ Պարզապես չէր կարելի մի կողմից թշնամուն պատերազմ սկսելու առիթ տալ, մյուս կողմից՝ բթացնել հասարակության զգոնությունը՝ պացիֆիստական տրամադրություններով։
2020 թվականի աշնանը կատարվեց անխուսափելին՝ սկսվեց պատերազմը։ 44 օր տևած պատերազմի մասին  շատ է խոսվել ու գրեթե բոլորի համար հասկանալի է, որ այս պատերազմին մենք պատրաստ չէինք։ Պատրաստ չէինք առաջին հերթին անկազմակերպվածության ու կառավարչական անկարողության պատճառով։ Հետո նաև պարզ դարձավ, որ մենք մի քանի անգամ հնարավորություն ենք ունեցել կանխել աղետը, սակայն չենք օգտվել դրանից։ Արդյունքում կնքվեց խայտառակ փաստաթուղթ, որի արդյունքում մենք կորցրինք ոչ միայն ազատագրված 7 շրջանները, այլև Շուշի քաղաքն ու Քարինտակ գյուղը, Հադրութ քաղաքը և ամբողջ Հադրութի շրջանի, Ասկերանի և Մարտակերտի շրջանի մի քանի տասնյակ գյուղեր։ Իհարկե ավելորդ է ասել, որ այս փաստաթղթում չկար որևէ բառ Արցախի կարգավիճակի մասին։ Մենք կորցրինք նաև տարածքներ ՀՀ սուվերեն տարածք հանդիսացող Սյունիքի մարզից։
Այս ամենը ոչ միայն արդարացի զայրութ, այլև նույնքան արդարացի հարց է առաջացնում։ Ինչու՞մ էինք մեղադրում Արցախի շուրջ նախկին բանակցողերին։ Արցախը հանձնելու, թե՝ հանձնել «չկարողանալու» մեջ։ Ի՞նչ էր մեզ պետք։ Արդյո՞ք մենք փնտրում էինք ղեկավարի, ով «կկարողանա» հանձնել Արցախը։
Այս իրադարձությունները արդեն կայացած փաստեր են։ Այժմ մենք կարիք ունենք վերլուծելու դրանք ու դուրս գալու աղետից։ Արցախյան հարցը լուծված չէ և դրա վերջնական լուծումը կախված է յուրաքանչյուրիցս։