Հայաստանը շարունակում է օգտագործվել Ադրբեջանի ու Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերի առաջխաղացման նպատակով

118

Օրերս Ի. Ալիևը Լաչին կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանի հաղորդակցային ապաշրջափակման նպատակն է ցամաքային կապ ապահովել Նախիջևանի ու Թուրքիայի հետ: Այնուհետև հավելել է, որ Ռուսաստանն էլ ԿԱՐՈՂ է երկաթուղային կապ հաստատել Հայաստանի հետ:

Պետք չէ մասնագետ լինել այս հայտարարության էությունն ընկալելու համար: Տրանսպորտային պրոտեկցիոնիզմի ջատագով Ալիևն աներկբայորեն ցույց է տալիս, որ գործ չունի Հայաստանի տրանսպորտային ինտեգրման խնդիրների հետ: Դա մետրոպոլիայի՝ Ռուսաստանի խնդիրն է:

Իսկ թե որ լոգիստիկայով Ռուսաստանը երկաթուղային կապ կհաստատի Հայաստանի հետ, առայժմ պարզ չէ: Եթե խոսքը գնում է աբխազական միջանցքի վերաբացման մասին, ապա դրա համար դեռևս չկան իրական նախադրյալներ: Դե իսկ Նախիջևան-Զանգելան-Հորադիզ-Բաքու-Դերբենդ երկաթուղին որպես Հայաստանի և Ռուսաստանի միջև ցամաքային կապ հաստատելու միջոց դիտարկելը հակասում է թե տնտեսագիտության, թե տարրական տրամաբանության բոլոր կանոններին:

Մի բան է ակնհայտ. Հայաստանը շարունակում է օգտագործվել որպես գործիք Ադրբեջանի ու Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերի առաջխաղացման նպատակով: Դրա դիմաց Հայաստանը չի ստանալու ՈՉԻՆՉ, ինչի մասին արդեն հրճվանքով խոսում է Ալիևը: Սա հայկական կողմին հասցված հերթական ապտակն է, որն ավանդույթի համաձայն մնալու է անպատասխան: