Խախտումներով որոշում է կայացվել և դա պետք է իրավական լուծում ստանա․Լևոն Սուլթանյան

140

Միակ գործող հեռուստաալիքը, որը զրկվել է վերգետնյա հեռաձակման իրավունքից՝ Հ2-ն է։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Հ2 հեռուստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ պատմության մեջ աննախադեպ է, երբ հանրապետական սփռում ունեցող, ազատ, անաչառ ալիքը եթերազրկվում է, նման բան տեղի չի ունեցել, ինչը, ըստ Սուլթանյանի՝ լուրջ հարված է խոսքի ազատությանը և ժողովրդավարությանը։

Ըստ փոխտնօրենի, վերջին մի քանի տարիների ընթացքում, հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ իրականացվել է քաղաքական հետապնդում, ըստ նրա՝ ՀՌՀ-ի որոշումը տեղավորվում է հենց այս տրամաբանության մեջ․

«Մեր օրենսդրությունը, ինչպես նաև ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումը, շատ ուղիղ պահանջ են դնում ՀՌՀ-ի առաջ, որ իր որոշումները պետք է լինեն պատշաճ հիմնավորված և պատճառաբանված։ Մրցույթը և գնահատման չափանիշները մրցույթի մասնակիցների համար պետք է լինեն կանխատեսելի»,-նշում է Սուլթանյանը և հավելում, որ որոշումը հրապարակելուց  հետո ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հարցազրույցներից իրենց  համար պարզ դարձավ, որ հանձնաժողովը հաշվի է առել 100-ից ավելի չափանիշ, մինչդեռ, օրենքում խոսք է գնում 7 չափանիշների մասին, իսկ հանձնաժողովը անդրադարձել է 6-ին։ 

Սուլթանյանը հիշեցնում է, որ դեռևս 2008 թվականին ՄԻԵԴ-ը «Ա1⁺»-ի գործով ունի նախադեպային որոշում, որում հենց այդ նույն հանձնաժողովի կոնկրետ սխալներն են մատնանշում և դրանք այն մասին են, որ հանձնաժողովը իր որոշումը պատշաճ կերպով չի պատճառաբանել, չի հիմնավորել․

«Մարդու իրավունքների դատարանը հստակ սահմանել է, որ ներպետական օրենսդրությունը նման պահանջ չի սահմանել հանձնաժողովի համար, միևնույնն է՝ ակնկալվում էր, որ ինքը դա պետք է աներ, որպեսզի ապահովեր կանխատեսելիությունը, բացառեր կամայականությունը։ Փաստորեն ՄԻԵԴ-Ի վճռից 13 տարի անց անտեսում է այդ վճիռը, ավելին՝ մեր երկրի ներպետական օրենդրությունը թարմացվել է և սահմանվել են այդ դրույթները»։

Փոխտնօրենի  խոսքով, հիմնավոր կասկածներ ունեն, որ իրենց նկատմամբ եղել է կանխակալ վերաբերմունք․

«Այն հանգամանքը, որ Հ2-ը դիմել էր միայն հանրապետական ծածկույթին, ներկայացվեց տարբեր ենթադրություններով, որ հավանաբար մենք գոռոզ էինք, ինքնավստահ էինք կամ ուրիշ ինչ-որ բաների վրա հույս ունեինք, այնինչ, կոնկրետ այդ հարցի շուրջ պարոն Հակոբյանը և մեր հեռուստաընկերության ներկայացուցիչները մի քանի անգամ զրույց են ունեցել և նա շատ լավ գիտի՝ ինչու ենք մենք դիմել միայն հանրապետական ծածկույթին»։

Սուլթանյանը պարզաբանում է․ Հ2-ը 20 տարուց ավելի եղել է հանրապետական ծածկույթ ունեցեղ ալիք և երբեք ոչ մի մրցույթի մասնակցելիս չի դիմել մայրաքաղաքային սփռման, ուստի, զարմանալի չէ, որ այս մրցույթին դիմելիս ևս դիմել է հանրապետականին։

Հեռուստաընկերության ներկայացուցիչները համոզված են՝ սա քաղաքական որոշման հետևանք էր, քանի որ քաղաքական իշխանությունը չէր կարող իրենց ճնշել, պարտադրել։

Հ2-ի ներկայացուցիչները հայտնեցին, որ ՀՌՀ-ի որոշման դեմ դիմել են դատարան և դատարանն այս գործն արդեն վարույթ է ընդունել․

«Կարևորն այն է, որ խախտումներով որոշում է կայացվել և դա պետք է իրավական լուծում ստանա։ Օրենքով չագելված բոլոր հնարավորությունները մեզ վերապահելու ենք։ Հույս ունենք, որ շատ հետաքրքիր նախադեպ կստեծվի, որը մեր գործընկերներին հնարավորություն կտա պաշտպանվել հետագա կամայականություններից», – ընդգծեց Սուլթանյանը։

Հիշեցնենք՝ Հայկական երկրոդ հեռուստաալիքը եթերազրկվել է հունվարի 15-ին ՀՌՀ-ի որոշման արդյունքում։