Ի՜նչ անիրատեսական ոչնչություն է մեր այս կառավարությունը

373

Ես խոր ցավով ու վրդովմունքով եմ հանգում այս տխուր համոզմանը, որ անտերություն է տիրում, անտերության խուլ զգացում, մի պաղ քամի, որից հիվանդանալ կարելի է։ Մանկամիտ, պարզունակ, խղճահարույց, բայց և մազարմատ այրող ապտակի արժանի «մանչուկներ» են, իսկ երբեմն էլ նենգ, մաղձով ու անըմբռնելի վրեժի ծարավով լցված ժահրոտ լամուկներ, որ ապականելուց զատ ոչնչի չեն տիրապետում։ Թող չհորջորջեն, թե իրենք նոր, և մերժելի «ավանդույթների» քայքայողն են, և բթամիտներն էլ թող չսրբադասեն այս լածիրակներին. Ամեն ինչ նույնն է, գրեթե նույնն է, կամ նույնանում է (ինչ-ինչ հարցերում մեր տանջանքը սաստկանում է)։

Ի՞նչ է նշանակում «ընտանեկան բիզնես» ունեցողին, աղանդավորական հոսանքներում հայտնի անուն ձեռք բերծին նախարար դարձնելը (չնշանակել, այլ դարձնել)։ Ի՞նչ է նշանակում նողկալի կերպարներին, որոնք արատավորում են հայկական պատկերացնումները, «դեսպանավորել» կարևոր երկրներում։ Ի՞նչ է նշանակում անմեղացնող «չստացվեց» լոզունգը, որ բանակցության դեռ չմեկնած արդեն իսկ բույն է դնում ձեր ուղեղներում, ու որ շպրտում եք հանրության առաջ իբրև ձեր ձախողումների սփոփանք։ Ո՞ւմ է հետաքրքիր ձեր «չստացվեց»-ը. Եթե չստացվեց, ուրեմն լքեք, հեռացեք, մի փորձեք մանիպուլացնել մեզ։

Մի ամբողջ սուրու է մտածում մեկի փոխարեն և դեռ մի բան էլ «չստացվեց», «տապալվեց» «գերիների հարցը չկար օրակարգում»։ Իսկ ի՞նչ հարց կար օրակարգում։ Անտերություն անտերությանց։ Դրսում քայլում եք անցեղ շան պես վախվորած, պոչներդ դեպի փոր մտցրած, իսկ երկրի ներսում հոխորտում եք Սիմբայի պես։ Մինչդեռ ձյան մի երկու համառ փաթիլից խառնվում են երկրի բոլոր ենթակառուցվածքներն ու… ու վատ է, շատ վատ է։