Վորոնեժցի հայը պատրաստ է ասֆալտի գործարան հիմնել Արցախում

274

Մեզ մոտ Վորոնեժից մարդիկ կան, ովքեր պատրաստ են ասֆալտի գործարան հիմնել Արցախում ճանապարհների կառուցման համար: Այս մասին փետրվարի 17-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Հերման Անանյանցը:

Նա պարզաբանեց, որ խոսքը Ռուսաստանի հայերի միության Վորոնեժի տարածաշրջանային մասնաճյուղի նախագահ Կամո Չոբանյանի մասին է:

«Նա Ռուսաստանի քաղաքացի է, երկար տարիներ ապրել է Հայաստանում: Հենց «Ռոսդոռստռոյ»-ը սկսի այնտեղ իր աշխատանքները, նա պատրաստ է իր գործարանն անմիջապես տեղափոխել այնտեղ»,- պարզաբանեց Անանյանցը: Նրա խոսքով` շատ այլ մարդիկ եւս պատրաստակամություն են հայտնել օգնել Արցախի վերականգնմանը:

«Ռուսաստանի բառացիորեն բոլոր մարզերը պարտավորություններ են ստանձնել: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը բոլորին առաջադրանքներ է տվել: Նա, ի տարբերություն Արայիկ Հարությունյանի (Արցախի նախագահ` խմբ.), շատ է մտահոգված Ղարաբաղում տեղի ունեցողի կապակցությամբ»,- եզրափակեց նա: