Կորոնավիրուսից մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը։

123

ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը մահացել է փետրվարի 18-ին 72 տարեկանում: Նա գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում։

«Սերգո Կարապետյանն այսօր առավոտյան՝ լուսադեմին է մահացել: Նրա մոտ կորոնավիրուսից հետո բարդություններ էին առաջացել»,- այս մասին ասել է «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին: 

Սերգո Կարապետյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 6-ին քաղաք Արտաշատում (Արարատի մարզ): Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: 1965 -1972 թթ. աշխատել է «Արտաշատի պահածոների գործարանում»՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, 1972-1986 թթ.-ին եղել է Արտաշատի պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր ինժեները: 1986-1987 թթ. աշխատել է Ազատի լիասիստեմ ֆորելային տնտեսությունում՝ որպես տնօրեն: 1987-1995 թթ. եղել է Արտաշատի պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր տնօրենը, այնուհետև մինչև 2011 թ.-ը՝ «Արտաշատի պահածոների գործարան» ընկերության նախագահը և գլխավոր տնօրենը: 2010-2016 թթ.-ի ընթացքում զբաղեցրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: