Թումանյանի հետ Տերյանի առաջին հանդիպումն ու Մեծ լոռեցու մարգարեական կանխագուշակումը․ «Խճանկար»

189

Նախ՝ Տերյանը՝ Ջավախեցու եղբայր, հետո՝ Ջավախեցին՝ Տերյանի եղբայր. Հովհաննես Թումանյանի հետ նրանց առաջին հանդիպումն ու Մեծ բանաստեղծի կանխատեսումը կայացավ։ Բայց ամեն ինչ սկզբից։

1901 թվականին, երբ գյուղագիր, հրապարակախոս, ուսուցիչ, հասարակական գործիչ Ղազարոս Տեր- Գրիգորյան Ջավախեցին այցելեց Թիֆլիս մեկ այլ՝ հայտնի գրող եւ մանկավարժ Ղազարոս Աղայանը նրան ծանոթացրեց Հովհաննես Թումանյանի հետ։ Հետո արդեն Ջավախեցին Մեծն Թումանյանի հետ ծանոթացրեց կրտսեր եղբորը՝ Լազարյան ճեմարանի սան Վահան Տերյանին։

«Դեհ, պարոններ, խնդրեմ ծանոթանաք։ Մեր Ջավախեցու եղբայրն է, ապագա բանաստեղծ Վահան Տերյանը… Տես, Ղազար, հիմա Վահանին ծանոթացնելիս ասում ենք Ջավախեցու եղբայրն է։ Եթե չաշխատես առաջ գնալ՝ պետք է ասենք բանաստեղծ Վահան Տերյանի եղբայրն է»,- ապագա քնարերգուի հետ առաջին հանդիպման ժամանակ ասում է Թումանյանը։

Ինչպես խոստովանում է Ջավախեցին ինքը՝ Մեծ բանաստեղծի կանխատեսումը կատարվեց։ Թումանյանին ու Ջավախեցուն իրար կապում է ջերմ բարեկամությունը։ Հենց այդ բարեկամության պտուղներից մեկն էլ հայ բանաստեղծական աշխարհի անմահ գործերից մեկն է։

Թումանյանը՝ Մեծ լոռեցին, Ջավախեցու ուղեկցությամբ մեկնում է Գանձա՝ Փարվանա լիճը տեսնելու։ Հենց Ղազարոսենց՝ Վահան Տերյանի ավագ եղբոր տանն էլ Թումանյանը գրում է «Փարվանա» պոեմի նախերգանքը։

Հաղորդումը` այս հղումով

Հենց այստեղ Թումանյանը սիրահարվեց Ջավախքին ու նրա բնությանը։ Ախալքալակից Գանձա մեկնելիս, տեսնելով Սաղամո լճի արծաթափայլ ալիքներն ու ծաղկառատ դաշտերը, Ամենայն հայոց բանաստեղծը բացականչում է. «Ղազար, էսպես բան կլինի… Ես կարծում էի, թե Լոռուց գեղեցիկ տեղ չկա աշխարհում, ձեր էս Ջավախքն անցավ Լոռուց, էն էլ առանց ծառ ու թփի։ Հեյ վախ, մի շիշ կարմիր գինի… ինչ տեղն է»։

https://hy.armradio.am/2021/02/15/%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf-%d5%bf%d5%a5%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba/