«Եթե այս եռացող լավան ժայթքի, իր ճանապարհին ամեն ինչ ավերելով առաջ կգնա»․ «Փաստ»

124

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասում է՝ շաբաթներ առաջ, երբ զրուցում էին մի քանի մտավորականներով, հանգել են եզրակացության, որ բացասական մոտեցում կա կուսակցականության գաղափարի վերաբերյալ, ինչի մեջ իրենց մեղքի չափաբաժինն ունեն նաև կուսակցությունները: «Որպես անհատներ, մասնակցում էինք «17+1» ձևաչափով ընդվզմանը, որովհետև հասկանում էինք՝ այս աղետից դուրս գալը գերմարդկային ճիգեր է պահանջելու մեր ժողովրդից: Բայց մտավորականների այս անտարբերությունը նաև վիրավորական էր, որոշեցինք նրանց արթնացնել: Ընտրվեց Խրիմյան Հայրիկի «Վասնզի ձայն հայրենյաց հղեցի առ աշխարհ» թևավոր խոսքից «Ձայն հայրենյաց» հատվածը, որը դարձավ մեր նախաձեռնության խորհրդանշական անունը: Մեզ համար էլ էր անակնկալ, որ համակիրների մի վիթխարի խումբ հավաքվեց:

Երևանյան մեր հանդիպումներին մինչև երեք հարյուր մտավորականներ, հայտնի դեմքեր են մասնակցում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը՝ ներկայացնելով «Ձայն հայրենյաց» նախաձեռնությունը: Այսօր արդեն նախաձեռնության մասնակիցները մարզային հանդիպումներ են ունենում: Գրականագետը նշում է՝ իրենց համոզմամբ, մարզերում լրատվության խիստ պակաս կար: «Դա ապացուցվեց նրանով, որ իշխող վարչախումբը լրատվամիջոցներից շատերը, որոնք իրական և ճշմարիտ լրատվություն էին սփռում, փակեց կամ սահմանափակեց նրանց հասանելիությունը: Մեր առաջին այցելությունը եղավ Վանաձոր, որտեղ հանդիպեցինք Լոռու մարզի մի շարք մտավորականների հետ: Այնտեղ ծավալված զրույցը մեզ զարմացրեց՝ դժգոհության բարձր մակարդակ, ներկայացվող փաստարկներ և այլն, իսկ Գյումրիում քննարկումը շիկացած կաթսայի էր նման:

Բոլոր մարզերում, ուր այցելել ենք, մեկ բան հստակ է՝ մարդիկ հասկացել էին, որ հարվածն ուղղված է եղել գլխավոր զարկերակին՝ մշակութային նկարագրին: Որոշվեց տեղերում ստեղծել մտավորականների խորհուրդներ, որոնք ի մի կբերեն մարդկանց, կորոնեն ուղիներ, կանեն առաջարկներ, և կորոշենք մեր հետագա անելիքը: Մեր համերաշխությունն ենք հայտնել բոլոր կառույցներին և ուժերին, բոլորս հավաքվում ենք մեկ նպատակի շուրջ՝ աղետներ բերող, ազգակործան, հայ ժողովրդի պատմության մեջ նախադեպը չունեցող այս վարչախումբը պետք է հեռանա: Թե հետո ինչպես կդասավորվի քաղաքական կյանքը, մտավորականների ճնշող մեծամասնությանը չի էլ հետաքրքրի: Նրանք տեսնում են՝ այսօր աղետ կա, հայտնվել ենք ոչ միայն պետականությունը, այլ նաև ժողովրդին կորցնելու վտանգի առաջ: Կա ներքին վիթխարի տրամադրություն հայրենիքը լքելու գաղափարի շուրջ:

Զարմանալի է, բայց ցանկանում են հեռանալ ընտանիքներ, որոնք ունեն միջին և միջինից բարձր սոցիալական կենսակերպ: Կա արդարության պակասի մեծ չափաբաժին: Ժողովուրդն իրեն անարգված է համարում: Հիշո՞ւմ եք՝ վարչապետի աթոռին բազմած անձը հայտարարեց, թե ժողովրդի մեջ թասիբ չկա: Դա ասվում էր այն ժողովրդին, որն ամենաթանկն էր տվել՝ իր զավակի արյունը, էլ չասած այն մասին, որ վերջին կոպեկն էր հավաքում և տալիս բանակին: Մարդկանց մի մասի երեխաները, ում ասում էին, թե թասիբ չունեն, նահատակվել էին: Նման խոսակցություն ունեցել ենք օրերս Վայքում, որտեղ հավաքվել էին ճարտարապետներ, ուսուցիչներ, մշակութային գործիչներ և այլք: Բոլորը ցանկանում են միավորվել մեկ գաղափարի շուրջ, անգամ նման բնութագրում եղավ, թե այս ֆաշիստական վարչակազմը պետք է հեռանա: Մարդիկ վիրավորված են իրենց հերոսների փոխարեն, ում շիրիմներին ուխտագնացություն են կազմակերպում, նրանց թափած արյունն առոչինչ համարեց այս վարչակազմը»,-նշում է մեր զրուցակիցը: Սրապիոնյանն ընդգծում է՝ ժողովրդի այս զայրույթը նաև վախ է ծնել իրենց մեջ:

«Եթե այս եռացող լավան, որը լեռան տակ է, հանկարծ ժայթքի, իր ճանապարհին ամեն ինչ ավերելով առաջ կգնա: Գուցե հետևանքները շատ ավելի վատը լինեն: Խնդրել ենք մարդկանց փետրվարի 20-ին հավաքվել Երևանում և հասկանալ, թե ինչ է լինելու մեր երկրի վիճակը: Իրական մտավորականները չեն ձգտում պաշտոնի, նրանք ուղղակի ցանկանում են նորից հնարավորություն ստանալ ստեղծագործելու: Մտավորականների շրջանում դժգոհությունը հասել է գագաթնակետին, մեր հիմնական նպատակն այսօր գաղափարի կոնսոլիդացումն է, դրանից հետո, երբ ժողովուրդն այս աղբը կմաքրի ղեկավար աթոռներից, թող ընտրություններ լինեն»,-ասում է գրականագետը: Այս օրերին նախաձեռնության անդամները հանդիպում են պատերազմից վերադարձած զինծառայողների հետ: «Երեխաները եկել են տուն, նրանցից շատերն այսօր անուշադրության են մատնված, եթե, իհարկե, Էրատո թագուհին չի բարեհաճել ինչ-որ մեկին կաշառել և մտնել զոհված զինծառայողի տուն:

Տղաները բառի ուղիղ իմաստով դժոխքի միջով են անցել, նրանք հոգեբանական վերականգնման կարիք ունեն: Մեր մեջ կան հոգեբաններ, որոնք մասնագիտական օժանդակություն են ցույց տալիս, դիմում ենք ֆինանսապես ավելի կարող մարդկանց՝ տղաներին օգնելու համար: Մեր ուժերով կազմակերպում ենք միջոցառում, որտեղ զինվորը մի պահ կմոռանա իր ստացած վերքերը և կկտրվի այս մռայլ իրականությունից, իսկ դա ազդակ է, որ նա կվերադառնա լիարժեք կյանք: Եվ ամենակարևորը` նա կհասկանա, որ մարդկանց հոգին իրենց համար ցավում է: Այցելում ենք նաև վերականգնողական կենտրոն, միջոցառումներ կազմակերպում: Կմտնենք մարդկանց տներ, կծնկենք մայրերի առաջ, որոնք ամեն օր տեսնում են իրենց հաշմված որդիներին, կզրուցենք նրանց որդիների հետ: Կայցելենք զոհված, գերեվարված, անհետ կորած զինվորների ծնողներին: Ի վերջո, պետք է վերականգնենք մեր բանակի հոգեբանությունը»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում