Աքաղաղի պոչը

126

Դեսպան Գրիգոր Առաքելյանի ՖԲ էջից, –

Բնությունը մեզ  պոչ  չի պարգևել: Չգիտեմ, դա լա՞վ է, թե՞ վատ: Միգուցե պոչն ինչ-որ նպատակի, օրինակ ճանճ քշելու համար մեզ  էլ պետք գար: Ինչ արած, մենք պոչ չունենք  ու  առանց դրա մինչև հիմա յոլա ենք գնացել: Բայց եթե հայերս  չօգտագործեինք պոչը, ավելի շուտ՝ «պոչ»  բառը,  հայոց լեզուն հաստատ կտուժեր:  Պոչի բացակայության դեպքում ինչպես կկարողանայինք նկարագրել  անհավանական ու խելքից դուրս թվացող  ստերը: Այո, պոչը մեզ օգնում է  լուծել խնդիրն ու ոչ հավաստի ստերն անվանել «պոչավոր»: Անշուշտ, պոչ չունենալու դեպքում, մեզ օգնության կհասներ նաև կոտոշը՝ պոզը, ճիշտ այնպես, ինչպես   իրանցիներն են օգտվում դրանից ու  նույն նպատակի  համար, պոչից բացի,  օգտագործում  կոտոշը՝ ճչացող  ստերն  անվանելով «պոզավոր» (دروغ شاخدار):

Բայց հայի համար պոզն ու պոչը (միասին վերցրած) ստի հետ ոչ մի կապ չունեն, այլ կապված են անտեղի քննադատության և «պոզ ու պոչ» կպցնելու հետ:

Իսկ իտալացիների մոտ ստի հետ ոչ պոչն է ասոցացվում, ոչ էլ կոտոշը, փոխարենը սուտն ու քիթն են  սերտորեն փոխկապակցված: Պինոկկիոյի արկածները գրքից գիտենք, որ հեքիաթի հերոսի  քիթն ամեն անգամ  երկարում էր, երբ նա ֆեյքեր էր հորինում: Պատկերացրեք, ինչ տեղի կունենար, եթե մերօրյա սոցցանցերն աշխատեին Պինոկկիոյի հեքիաթային դարաշրջանում:

Վերադառնալով պոչի թեմային, ավելացնեմ, որ հայերը խորամանկելիս օգտվում են մարդու մոտ բացակայող կարևորագույն օրգանից, այն է՝ պոչից, և այդ նպատակով «պոչ խաղացնում»: Բայց   իրանցիները խորամանկելիս, ոչ թե սեփական պոչն են խաղացնում, այլ՝ ուրիշի: Դա է պատճառը, որ մեկին խաբելու կամ մոլորեցնելու համար իրանցին ասում է՝ «արջին ստիպեցինք պար գալ, որ պոչը բռնենք»: Բնականաբար, այստեղ «արջը» հանդես է գալիս որպես խարդավանքի զոհ:

Թեև մենք պոչ չունենք, բայց պետք է զգուշանանք, որ  հանկարծ մեր չեղած  պոչը  չկտրեն,  չխուզեն կամ էլ չտրորեն, հակառակ դեպքում, չարամիտ մարդկանց զոհը կդառնանք: Բայց իրանցիներն այդ հարցում այլ կարգի մտահոգություն ունեն, քանի որ նրանք սովորաբար զգուշանում են  պոչը կտրած մարդկանցից: Չէ՞ որ «պոչատ» մարդիկ (دم بریده) , ըստ իրանցիների, խորամանկ ու նենգամիտ են լինում:

Պոչի ևս մեկ կարևոր հատկանիշ: Եթե անհերքելի փաստերը կոծկելու  համար  մենք՝  հայերս, անհուսալիորեն  փորձում ենք մախաթը թաքցնել  պարկի մեջ, ապա իրանցիները համառորեն աշխատում են  աքաղաղի պոչը քողարկել (دم خروس) :

Այո, մեր կյանքում կան այնպիսի ակնառու բաներ, որ  աքաղաղի պոչի պես  հնարավոր չէ թաքցնել անգամ ամենամեծ պարկի  մեջ: