ՌԴ հատուկ ծառայությունները ձերբակալել են Հյուսիսային Կովկասում ահաբեկչություններ ծրագրող իսլամիստների

236

Ռուսաստանի հարավում ձերբակալվել է 19 իսլամիստ, որոնք հարձակումներ էին նախապատրաստում Հյուսիսային Կովկասում. հաղորդում է ՌԴ ԱԴԾ-ն:

Հատուկ գործողություններ են տեղի ունեցել Կարաչաևո-Չերկեսիայում, Ղրիմում, Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի մարզում:

Ձերբակալվածները սեփական աստվածապետական պետությունը՝ խալիֆայությունը, հիմնելու ձգտումներ ունեցող «Ատ Թաքֆիր վալ Հիջրա» կազմակերպության անդամներ են: 19 հոգուց տասը կազմակերպիչ են, մնացածը՝ ակտիվ մասնակից:

«Բացի գաղափարախոսության խթանումից և նոր համախոհներ հավաքագրելուց, նրանք նախատեսում էին Հյուսիսային Կովկասում դիվերսիաներ և ահաբեկչական գործողություններ կատարել կառույցի անունից»,- ասվում է ԱԴԾ հաղորդագրության մեջ:

Անվտանգության ուժերը հայտնաբերել են պահոց՝ գնդացիրով, ավտոմատով, պարկուճներով և ինքնաշեն պայթուցիկ նյութերով, ինչպես նաև «մահապարտի գոտիներ»:

Վերջին տասը տարիների ընթացքում Ռուսաստանում կանխվել է ավելի քան 160 ահաբեկչություն, իսկ 2020-ին՝ ավելի քան 20-ը: