Մեքսիկան պատվաստանյութերի անհավասար հասանելիության մասին բողոք կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ

120

Մեքսիկայի արտգործնախարար Մարսելո Էբրարդը հայտարարել է, որ երկիրը մտադիր է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կապված տարբեր երկրներին կորոնավիրուսի պատվաստանյութերի անհավասար հասանելիության հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Բողոքը կներկայացվի չորեքշաբթի օրը, հայտնում է գործակալությունը:

«Պատվաստանյութեր արտադրող երկրները պատվաստումների շատ բարձր մակարդակ ունեն, մինչդեռ Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրներում այդ մակարդակը շատ ավելի ցածր է», – ասուլիսում ասել է Էբրարդը՝ նշելով, որ այս իրավիճակն անարդար է համարում:

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը նույնպես հայտարարել է այն մասին, որ երկրի կառավարությունը կցանկանար, որ ՄԱԿ-ը լուծեր պատրաստուկների հասանելիության հավասարության հարցը, որպեսզի «բոլոր երկրները հնարավորություն ունենան պատվաստել իրենց բնակիչներին»: