ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մտադիր է այցելել Իրան

137

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Մարիոնա Գրոսին նախատեսում է այցելել Իրան` փոխընդունելի լուծում գտնելու համար, որը Գործակալությանը հնարավորություն կտա շարունակել աշխատանքը երկրում: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի խոսնակ Ֆրեդրիկ Դալը, փոխանցում է Mehr News-ը:

«Գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին անդամ երկրներին ներկայացրել է Իրանում ՄԱԳԱՏԷ-ի ստուգման եւ դիտանցման աշխատանքների հետ կապված վերջին զարգացումները Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) համաձայն: Անդամ պետություններին ուղղված իր զեկույցում Գրոսին ասել է, որ Իրանը փետրվարի 15-ին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ին, որ երկիրը կդադարեցնի կամավոր թափանցիկության միջոցառումների իրականացումը ԳՀՀԾ-ի շրջանակներում, այդ թվում` Լրացուցիչ արձանագրությունը: Նա առաջարկել է մեկնել Իրան` փոխընդունելի լուծում գտնելու համար, որը Գործակալությանը հնարավորություն կտա շարունակել ստուգման իր կարեւոր աշխատանքը: Գլխավոր տնօրենը շարունակում է խորհրդակցել Իրանի հետ»:

Մեկ այլ տեղեկացված աղբյուր Mehr News-ին հայտնել է, որ Գրոսիի այցն Իրան, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ շաբաթվա վերջին:
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական դեսպան Քազիմ Գարիբաբադին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին 2021 թվականի փետրվարի 23-ից ԳՀՀԾ-ի շրջանակներում երկրի կամավոր գործողությունների կասեցման մասին:
Նա հավելել էր, որ այս միջոցառումը հիմնված է Իրանի խորհրդարանի կողմից հաստատված Ռազմավարական գործողությունների ծրագրի վրա եւ պայմանավորված է ԳՀՀԾ-ն ստորագրած մյուս կողմերի պարտավորությունների չկատարմամբ: