Հենց դրա համար էլ մարդիկ իրավունք ունեին մտածելու, որ դա եղել է դավադիր պատերազմ, որ դավադրություն է եղել. Սերժ Սարգսյան

145

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին

-Պարո՛ն նախագահ, զենքի առևտրի հետ կապված՝ վարչապետը ոչ մեկ անգամ ձեզ է մեղադրել, պնդելով, որ Դուք չկրակող զենքեր եք գնել: Բառացի մեջբերում անեմ. «Դեպք ունեք, ժողովո՛ւրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է զենք է առել, ու այդ զենքը չի աշխատում, ոչ մի բանի պիտանի չէ, պարզապես մետաղի ջարդոն: 42 մլն դոլար են տվել, դա ոչ մի բանի պիտանի չէ, զենք էլ չէ, հիմա քրեական գործ է հարուցվել, թող Սերժ Սարգսյանը գա, սրա պատասխանը տա և ես ասում եմ՝ տարբերակ չունեք, բերելու եք, տաք»: Այս մասով Քննչական կոմիտեն որևէ հաղորդագրություն չի տարածել: Ինչի՞ մասին է խոսքը, սա ի՞նչ զենք է:

-Գիտեք, այդ հայտարարությունից բխում է հետևյալը, որ եթե ես մի ցորենի հատիկի չափ մեղք ունենայի այդ գործում, վաղուց ուրիշ տեղ կհայտնվեի, պատկերացնո՞ւմ եք ինչ ակցիաներ կանցկացնեին:

-Ձեզ այդպես էլ չե՞ն հրավիրել Քննչական կոմիտե:

-Ոչ, իհարկե ոչ: Նախ ի՞նչ առնչություն պետք է ունենայի, բացի այդ, Սերժ Սարգսյանը զենք գնելու պայմանագի՞ր է ստորագրում: Սա՝ մեկ, երկրորդ՝ բա ի՞նչ է, այդ մարդիկ ձերբակալվա՞ծ են, ովքեր ուղիղ առնչություն են ունեցել այդ սարքավորումը ձեռք բերելուն, բա մի ամբողջ տարի է անցել, բա ու՞ր է: Ես զարմացած եմ հարց տալիս, հետո ինքս ինձ հարցնում եմ՝ ինչի՞ վրա ես զարմանում: Այդ ստերի շտեմարանը ամեն անգամ այսպես բավարար չափաբաժին է բաց թողնում, մարդկանց հիմարացնում ու փորձում ստիպել իրավապահներին, որպեսզի իր երևակայությունները դարձնեն քրեական գործ: Իհարկե, գիտեմ ինչի մասին է խոսքը՝ «Ռեպելենտ» և «Ավտոբազա» համակարգերի մասին է խոսքը: Քրեական գործ վաղուց հարուցված է, ինչ-որ մարդկանց հարցաքննել են, բայց որևէ մեկն ինձ որևէ հարց չի տվել:

-Բայց Ձեր անունն է ասվել այստեղ:

-Դե ինքը ամեն ինչ ինձ է վերագրում, խոսում է, հեքիաթներ է պատմում, հետո արդյունքն ի՞նչ է լինում: Իհարկե, ինքը շատ մեծ ցանկություն ունի ինչ-որ կոպիտ սխալ գտնելու, հաստատելու, ինչ-որ կոռուպցիոն դեպքեր հայտնաբերելու և այլն: Մարդն ասել է, չէ՞, որ, իմ ընտանիքն այս աշխարհի ամենակոռումպացված ընտանիքն է, հետո սրան-նրան համոզել, որ իմ մերձավորներին, իմ բարեկամներին, իմ երեխաներին քրեական պատասխանատվության կանչեն: Այսինքն՝ դա ի՞նչ է, շնորհք է՝ ենթադրությունները պարտադրել, իրականություն դարձնել, այսինքն՝ չարությունը հանելու ուրիշ ձև չկա՞:

-Պատերազմում մեր անպատրաստ վիճակի հետ կապված՝ կա մի տարածված դրույթ, որ Արցախի սահմանագծի երկայնքով, բացի առաջնագծից, մենք փաստացի խոր էշելոնացված պաշտպանություն չենք ունեցել, երկրորդ և երրորդ բնագծեր չեն եղել պաշտպանական, ես ավելին ասեմ՝ Դուք մեղադրվում եք, որ Լավրովյան կամ Կազանյան պլանն իրագործելու նպատակով միտումնավոր թույլ չեք տվել Արցախում խոր էշելոնացված պաշտպանություն իրականացնել, այդ պատճառով հնարավոր է եղել այդքան հեշտ ճեղքել հարավային ուղղությամբ առաջնագիծն ու խորանալ թիկունք:

-Բայց ո՞վ է նման թեզեր առաջ քաշում, ո՞վ է, որ տեղյակ է, գնացել է, տեսել է՝ մենք ունենք, չունենք, ովքե՞ր են, ովքեր փախե՞լ են, ովքեր պարտվե՞լ են, ովքեր իրենց ստորաբաժանումները վարի են տվել, ինչպես ասում է ժողովուրդը: Այդ ասողներից մեկը կա՞ր, որ տեսել է, չեմ ասում խրամատ չի տեսել, բայց ամբողջ պատկերն ո՞վ է տեսել, կապիտուլյա՞նտն է տեսել, ինքը մի բան հասկանո՞ւմ է դրանից: Դա իրականությանը չի համապատասխանում, մենք ունեցել ենք բանակային պաշտպանության երկրորդ և երրորդ գծեր, և մեր պաշտպանական պլանում շատ հստակ գրված է, թե որ ստորաբաժանումները որ պարագայում որ դիրքերը պետք է զբաղեցնեն:

-Այս պատերազմում զբաղեցրե՞լ են:

-Ցավոք , ոչ: Ոչ, որովհետև պատերազմի կառավարմանը անհարկի միջամտություններ են եղել, անհարկի, անտեղի, և ոչ կոմպետենտ մարդկանց կողմից:

-Վարչապետի կնո՞ջը նկատի ունեք:

-Ես կանանց հետ գործ չունեմ: Ուրիշներին էլ նկատի ունեմ: Այսինքն՝ իրեն գերագույն հրամանատար հռչակա՞ծն էլ այնքան կոմպետենտ է, որ կարո՞ղ էր ինքն անել:

-Դե նա գոնե հրամանատարական կետում չի գտնվել այդքան երկար:

-Երկար չէ, բայց ամբողջ կապիտուլյացիայի պատճառ դարձած հանրահայտ օպերացիան ինքն է անձամբ լսել ու հավանություն տվել:

-«Լալա Թեփեի» օպերացիայի մասի՞ն եք ասում:

-Համենայն դեպս, օպերացիայի անունը «Լալա Թեփե» չէր, բայց այդ հատվածի օպերացիայի մասին է խոսքը:

-Խնդիր է դրվել ամեն գնով հետ բերել այդ բարձունքը, դա ճի՞շտ տվյալ է:

-Ամեն անգամ պարտադրվում էր բեկում մտցնել ռազմական գործողություններում, դա անթույլատրելի բան է, բեկում մտցնելն անմիջական անպատրաստ հակահարձակումները չեն, բեկում մտցնելու համար դու պետք է կարողանաս միգուցե ռեզերեվային ուժերի օգնությամբ գրավել հարմարավետ բնագծեր, դիմավորել քո նահանջող զորքին, որպեսզի նրանք կարողանան արդեն թիկունքում լրացնեն իրենց սանիտարական, զենքի, զինամթերքի կորուստները և այլն, իսկ այդ թարմ ուժերով կարողանաս կանգնեցնել հակառակորդին, որից հետո արդեն կարող ես մտածել հակահարձակողական օպերացիա կազմակերպելու մասին: Բայց ոչ, մտածել էին, տեսեք-տեսեք, գնալ և շրջափակման մեջ վերցնել ադրբեջանական այն ստորաբաժանումները, որոնք արդեն խորացել էին, և օգտագործել այդ ընթացքում մեր աչքի լույսը, մեր ռեզերվը, մեր լավագույն բրիգադաները, որից հետո պաշտպանության բանակի ղեկավարը զրկված է եղել որևէ ռեզերվային ուժից:

-Դուք դա ասում ես պատերազմի ո՞ր փուլի մասին:

-Ես դա խոսում եմ հոկտեմբերի սկզբների մասին:

-Այսինքն՝ այդ ժամանակվանից անթույլատրելի սխալներ են գործվել:

-Անթույլատրելի սխալները սկսվել են սեպտեմբերի վերջից՝ պատերազմի առաջին օրվանից, և դրանք շարունակվել են շատ երկար ժամանակ, հենց դրա համար էլ մարդիկ իրավունք ունեին մտածելու, որ դա եղել է դավադիր պատերազմ, որ դավադրություն է եղել:

-Իրենք էլ Ձեզ են վերագրում, ասում են՝ նախկին իշխանությունն է: Հիշո՞ւմ եք, քանի անգամ է ասել վարչապետը, որ նախկին իշխանությունը կփորձի դավադիր պատերազմ սանձազերծել, իսկ պատերազմի ժամանակ էլ զորքերի մեջ տարածել են, որ հողերն արդեն ծախած են և մի՛ կռվեք, նահանջեք:

-Բայց խնդրում եմ, ամեն անգամ այդ սուտասանի խոսքերը մեջտեղ չբերեք, որովհետև իր հետ այդ սուտը հերքել է իր ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն աշխատած գնդապետը՝ Համբարձումյանը:

Ասել է, չէ՞, որ վարչապետից ցուցում է ստացել հետաքննել, և պարզվել է ամբողջովին հակառակը, էլ ես ինչ պետք է դա հերքեմ կամ չհերքեմ: Այսինքն՝ մենք ինչո՞ւ պետք է դավադիր պատերազմ հայտարարեինք, կամ չհայտարարեինք: Այսինքն, երբ մարդ ինչ-որ անհիմն հայտարարություններ է անում, երևի ղեկավարվում է այն սկզբունքով, թե ինքն ինչ կաներ այդպիսի պարագայում: Այո, իրենք դավադիր էին 2016-ին, երբ հերյուրանքներ էին տարածում, որ զորքը խոտ էր ուտում, բահով էր կռվում և այլն, և այլն: Դա իրենք էին, չէ՞, անում: Մեզնից մեկը 44 օրվա ընթացքում մի բան ասե՞լ է հրապարակավ, իրենք ենթադրություններն անում էին, տարածում էին ու, ցավոք, չէին հերքում: