Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է ազգային մշակութային ցեղասպանություն․ Կարեն Գևորգյան

313

«Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որպես ազգային պարարվեստի նվիրյալ, բազմիցս անդրադարձել եմ Հանրային հեռուստաընկերության հակահայկական մշակութային քաղաքականությանը: Ազգային մշակութային մի շարք  ծրագրեր եմ առաջարկել հեռուստաընկերության  թե’ նախկին, թե’ ներկա պատասխանատուներին: Նրբանկատորեն հուշում եմ, որ երկու տարի առաջ  մեծ պատիվ եմ  արել իմ թանկագին ժամանակը ծախսելով` հանդիպելու Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության  խորհրդի նախագահ Արա Շիրինյանի հետ, ներկայացնելով ազգային պարերի հանրահռչակման իմ երկու հեռուստանախագծերը:

Վաղուց եմ զգացել, որ Հանրային հեռուստաընկերությունում կան   օտարահպատակ  ուժեր, որոնք տարիներ շարունակ ընդգծված փակում են ազգային մշակույթի դռները հայ հեռուստադիտողի առաջ: Բերեմ ընդամենը երկու օրինակ. 2018թ. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի հիմնադրման 55-ամյակի հոբելյանական համերգ-երեկոն մերժեցին տեսանկարահանել և ցուցադրել՝ պատճառաբանելով, թե հանրային հեռուստաընկերությունը բավարար տեսախցիկներ չունի նկարահանումը կազմակերպելու համար (մեկնաբանությունները թողնում եմ ձեզ):

Նրանք բավարար միջոցներ չունեցան նաև նկարահանելու և ցուցադրելու հայ պարարվեստի պատմության մեջ առաջին  անգամ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված «Նաիրյան» առաջին համահայկական  պարարվեստի մրցանակաբաշխությունը, որին իրենց մասնակցությունը բերեցին մեծ համբավ ունեցող ինչպես Հայաստանի և Արցախի բոլոր պետական պարային անսամբլները, այնպես էլ հայ պարարվեստում իրենց ուրույն տեղն ունեցող վաստակաշատ պարային կոլեկտիվներ:

Առաջին անգամ  մեկ բեմի վրա էին հայ պարի ընտրյալ կոլեկտիվները՝ տարազների շենշող բազմազանությամբ և պարային մեծակտավ բեմադրություններով: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է հայոց արժեքների նկատմամբ, ինչպես նաև հայ ազգային մշակույթով զբաղվողների իրավունքների ոտնահարման բացահայտ հակահայկական մշակութային քաղաքականություն: Մենք` ազգային մշակութային արժեքներ քարոզողներս, այսօր Հայաստանում, կարելի է ասել, համարվում ենք ազգային փոքրամասնություն: Հանրայինը շարունակում է թրքաարաբապարսկական երգ-երաժշտությունը  թարգմանել հայերեն ու տարածել: Բավակա՛ն է հարստացնեք օտարի գրպանը և  սննկացնեք մեր ազգայինը: Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ Հանրային հեռուստաընկերության կողմից իրականացված «Ոսկե կլառնետ» խայտառակ նախագիծը, որը, ըստ իս, մասնավորապես արված էր ազգային քողի տակ տարածելու ցածրարժեք երաժշտություն: Այդ  նախագիծը  իսկական տեռոր էր մեր մշակույթի նկատմամբ: 

Եվ վերջում. այնպիսի տպավորություն է, որ Հանրային հեռուստաընկերության տնօրենները նոր պաշտոնը ստանձնելուց առաջ երդվում են՝ Հանրային հեռուստաընկերության եթերից իսպառ հեռացնել ազգայինը: Հայաստանում հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է  ազգային մշակութային ցեղասպանություն»: