Արցախում ռուսերենը դարձավ պաշտոնական լեզու․ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ են արվել

98

Արցախի Ազգային Ժողովի օրակարգում ներկայացվել է նախագիծ

 «ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ։

Մասնավորապես Արցախի Հանրապետության պատգամավորները շրջանառության մեջ են դրել «Լեզվի մասին» 2013 թվականին ընդունված օրենքում փոփոխությունների նախագիծ։ Ըստ նախագծի՝ նախատեսվում է ռուսերենը ևս դարձնել ԱՀ պաշտոնական լեզու։

Հոդված 1. «Լեզվի մասին» 2013 թվականի ապրիլի 25-ի ՀՕ-12-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են՝  գրական հայերենը և ռուսերենը:»

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«պաշտոնական լեզու՝ պաշտոնական գործառույթներին և հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու.»

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում «հայոց լեզվի» բառերից հետո ավելացնել «(կամ ռուսաց լեզվի)» բառերը.

Հոդված 4.  Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում.

  1. 1-ին կետում «հայերենով՝» բառը փոխարինել «հայերենով, ըստ անհրաժեշտության նաև ռուսերենով՝» բառերը, իսկ «հայոց» բառը փոխարինել «տվյալ» բառով.
  2.  2-րդ կետում «ոչ հայերեն» բառերից հետո ավելացնել «(բացառությամբ ռուսերենի)» բառերը.

Հոդված 5.Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:»

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: