Արցախում ընտրություններ չանցկացնելու պահանջը եղել է Ադրբեջանից և կապիտուլյանտ իշխանությունները հլու և հնազանդ նաև այս պահանջն են բավարարել․ Ամրամ Մակինյան

117

Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախի ինքնիշխանության կորստի առաջին «ծիծեռնակները»…

«Փաստորեն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը ԱՀ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվի:

Հրամանագիրը հիմնավորվել է ռազմական դրությամբ…մինչդեռ ռազմական գործողությունները փաստացի դադարեցված են, խաղաղապահների ներկայության պայմաններում գրեթե բացակայում է դրանց վերսկսման վտանգն առնվազն մինչև եռակողմ հայտարարության ժամկետի ավարտը, ուստի իրավունք ունի ապրել իմ այն համոզմունքն այն մասին, որ Արցախում ընտրություններ չանցկացնելու պահանջը եղել է Ադրբեջանից և կապիտուլյանտ իշխանությունները հլու և հնազանդ նաև այս պահանջն են բավարարել…

Գրեթե համոզված եմ, որ մի օր էլ կիմանանք նաև այս մասին…»։

Նշենք, որ հրամանագրով սահմանվել է, որ գործող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների առաջին նիստը: Իսկ համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում՝ այդ պաշտոններում նշանակվում են պաշտոնակատարներ` գյուղական համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ, Ստեփանակերտի քաղաքային համայնքում` տարածքային կառավարման բնագավառի պետական մարմնի ներկայացմամբ, իսկ այլ քաղաքային համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի ներկայացմամբ` կառավարության որոշմամբ»: