Արմեն Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարարին

93

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին:

Ողջունելով նախարար Մորթընի աշխատանքային այցը Հայաստան՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու երկրները փոխգործակցության զարգացման մեծ ներուժ ունեն:

Հանդիպմանն անդրադարձ է եղել արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին: Երկուստեք կարևոր է դիտարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական և տևական կարգավորման հարցում: Ի թիվս մի շարք առաջնային, այդ թվում՝ մարդասիրական խնդիրների, նախագահ Սարգսյանն առանցքային է համարել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցը:Նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում առաջացած մի շարք խնդիրների:

Հանդիպմանը խոսվել է նաև կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի, համավարակի կանխարգելման ու տարածման ուղղությամբ երկու երկրների համագործակցության մասին: Հեռանկարային է համարվել նաև համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, առողջապահության, գիտության ու կրթության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում: Կարևորվել է նաև փոխգործակցությունը կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում: