Ապաշնորհ կառավարությունը տապալել է պետական պարտքի օգտագործման արդյունավետությունը․ Կառլեն Խաչատրյան

112

Պետական պարտքի ավելացումը կարող է նպաստել սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, եթե այն ուղղվի տնտեսության զարգացմանը, ապագայում հավելյալ արժեքի ստեղծման հնարավորությունների ընդլայնմանը։ Միայն այդպես հնարավոր կլինի հավելյալ եկամուտներ գեներացնել ու դրանով մարել վերցված պարտքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

«Ուսումնասիրելով պետական պարտքի ավելացման արդյունքում ՀՆԱ-ի աճի միտումները՝ ակնհայտ է, որ վերջին 3 տարիների ընթացքում պետական պարտքը մեղմ ասած ճիշտ չի օգտագործվել։

2001 թվականին կառավարության պարտքը 684 մլն դոլար է եղել, իսկ ՀՆԱ-ն՝ 2,12 մլրդ դոլար։

2017 թվականին՝ պարտքը կազմել է 4,9 մլրդ դոլար, ՀՆԱ-ն՝ 11,5 մլրդ դոլար։

2020 թվականին պարքը կազմել է 8 մլրդ դոլար, իսկ ՀՆԱ-ն մոտ 12,5 մլրդ դոլար (դեռ պաշտոնական տվյալը չկա, բայց մոտ 8,5 տոկոսանոց անկման պարագայում մոտավորապես այսքան է կազմելու)։

Այսինքն՝ 2001-2017թթ․ կառավարության պարտքը ավելացել է մոտ 4,2 մլրդ դոլարով, ՀՆԱ-ն՝ 9,4 մլրդ դոլարով։ Իսկ 2018-2020թթ կառավարության պարտքը ավելացել է շուրջ 3 մլրդ դոլարով, ՀՆԱ-ն՝ 1 մլրդ դոլարով։

Ստացվում է, որ եթե 2000-ականներից մինչ իշխանափոխություն կառավարության վերցրած յուրաքանչյուր դոլարը միջինում տնտեսությունում ստեղծել է 2,24 դոլարի հավելյալ արժեք, ապա ներկայիս կառավարության վերցրած յուրաքանչյուր դոլար պարտքը ընդամենը 0,33 դոլարի արժեք է ստեղծել։

Արդյո՞ք սա վկայում է ներկայիս կառավարության ապաշնորհության մասին։ Միանշանակ՝ այո։

Պատկերացրեք դուք բիզնեսի սեփականատեր եք ու Ձեր ընկերության տնօրենը գնում, ընկերության անունից 10,000 դոլար վարկ է վերցնում, որ բիզնեսը զարգացնի, բայց արդյունքում եկամուտներն ավելանում են ընդամենը 3,300 դոլարով։ Ի դեպ, այդ նույն տնօրենը անկախ նրանից, որ ապիկար է ու բիզնեսը շատ վատ է կառավարել, ընկերությանը 6,700 դոլար պարտքային բեռի տակ է գցել, պարտաճանաչ իրեն պարգևավճար է տվել։ Որպես բիզնեսի սեփականատեր՝ ինչպե՞ս կվարվեք ապաշնորհ տնօրենի հետ։ Ողջամտությունը հուշում է, որ առնվազն պետք է ազատեք աշխատանքից։  

Վստահ կարող ենք արձանագրել, որ ներկայիս կառավարությունը տապալել է պետական պարտքի օգտագործման արդյունավետությունը՝ այն հավասարեցնելով զրոյի։ Փաստացի պարտքի ավելացումը չի բերել որևէ զարգացման, ուստի այդ պարտքը դարձրել են պատուհաս ապագա սերունդների համար։

Հ․Գ․  Եթե 2021թ․-ի պետական բյուջեով պետական պարտքի սպասարկմանը մոտ 400 մլն դոլար ենք ուղղելու, ապա այս կառավարության շնորհիվ 2025-ին պետական պարտքի սպասարկմանը ուղղվելու է շուրջ 1 մլրդ դոլար»,- գրել է Խաչատրյանը: