ԱԶԳ-ը մթնոլորտ է․ շնորհավո՛ր հոբելյան

152

Յուրաքանչյուր տարի փետրվարի 16-ը ինձ համար տոնական օր է, հարազատի տարեդարձի օր։ Այդ օրը ծնվել է Հայաստանի երրորդ հանրապետության առաջին և ամենահեղինակավոր թերթերից մեկը՝ ԱԶԳ-ը։ Այն  նորանկախ Հայաստանի լրագրության մի յուրահատուկ դպրոց էր՝ Հակոբ Ավետիքյանի փորձառու ղեկավարությամբ։ Նրա մատուցած նոր լրագրությունը, նոր ավանդույթների ներդրմամբ, տարբեր սերունդների լրագրողների համար դարձավ մասնագիտանալու իսկական դարբնոց՝ միաժամանակ հնարավորություն տալով «լրագրող դառնալու» ճանապարհն անցնել անցավ ու  հաճելի, իսկ հետագա ամբողջ կյանքում հպարտանալ, որ լրագրող ես «կնքվել» ԱԶԳ-ում։

ԱԶԳ-ը դավանանք է, ԱԶԳ-ը մթնոլորտ է, ԱԶԳ-ը արժեհամակարգ է․ սրանում կարելի է համոզվել միշտ, անգամ, երբ քեզ այդ ընտանիքից բաժանում են տարիները, հեռավորությունը: Սակայն բավական է գեթ մեկ առիթով այցելել խմբագրություն, ամեն ինչ սահուն կերպով շարունակվում է նույն կետից, կարծես երեկ էիր վերջին անգամ հարազատ խմբագրությունում եղել։ Բարի, փորձառու, իմաստուն Հակոբ Ավետիքյանը, ում ամենատես աչքից չի վրիպում ոչ մի մանրուք անգամ, բոլորին դիմավորում է հարազատորեն, ջերմ ժպիտով, խոսում, լսում բոլորին, ծանոթանում բոլորի հոգսերին, ուրախանում բոլորի հաջողություններով։ Նրա մարդկային զարմանալի հատկանիշների շնորհիվ անխոչընդոտ իրար շուրջ են համախմբվում ԱԶԳ-ի տարբեր տարիների աշխատակիցները, հիշում աշխատանքային դրվագները, տարբեր հանձնարարություններն ու հիշարժան պատմությունները։

Մինչ ուրախ ժխորում խոսք ու զրույց է, լսվում են հեռախոսազանգերը․ պարոն Ավետիքյանը ստանում է հերթական ջերմ շնորհավորանքները, դրանք փոխանցում հավաքվածներին, ապա մաղթանքներ, թերթի անցած ճանապարհի, դժվարին և ուրախ պահերի մասին պատմություններ, որոնք հյուսվում և մի անպատմելի ուժով նախանշում են մի նոր ճանապարհ, որը ԱԶԳ-ը պատրաստվում է անցել․ նա չի թուլացել, տեխնոլոգիական և համացանցային արագ զարգացումները կարծես նրան չեն թուլացրել, այն դեռ վերընձյուղվելու է, իր կողքին այժմ կանգնած նվիրյալ մարդկանց շնորհիվ թարմացնելու է իր ուժերը և առաջ է մղելու իր գաղափարները, որոնք ազնիվ են՝ ի շահ պետության և հասարակության։

Շնորհավոր տոնդ, սիրելի ԱԶԳ, սիրելի ԱԶԳ-ակիցներ․․․

                                                                                   ԱԶԳ ընտանիքի անդամ