Քարահունջում վարկ վերցրած գյուղացիները կկորցնեն իրենց ապրուստի միջոցը. «Փաստինֆո»

84

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղից թշնամին ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա է։ Գյուղացիներն այսօր կանգնած են իրենց ապրուստի միակ միջոցից զրկվելու վտանգի առջև, քանի որ սահմանազատման հետևանքով գյուղի այգիներից անցնելու են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, գրում է «Փաստինֆո»-ն։

Կայքի հետ զրույցի ժամանակ Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանն ասել է, որ գյուղը երեք կողմով է սահմանակից, այդ թվում Որոտանի և Հարթաշենի կողմով, իսկ այգիները կպած են սահմանին։

Գյուղապետը նշում է՝ քանի որ սահմանազատման աշխատանքներում ներգրավված չէ, հստակ չգիտի, թե քանի հեկտար այգի է անցնելու ադրբեջանական կողմին, սակայն նրանց վարկածի համաձայն՝ 25 այգետեր կկորցնի իր այգիները։

«Հստակ թիվ չունեմ, բայց մոտ 18-20 հա տարածքի մասին է խոսքը։ Այսինքն 25 մարդ կկորցնի իր այգիները, իսկ դրանք նրանց ապրուստի միջոցն են։ Այդ տարածքները նաև որպես արոտավայր են ծառայել, այնտեղ անասնապահությամբ էլ են զբաղվել։ Հիմա մարդիկ այգիներին մոտ չեն գնում։ ՀԷԿ-ն էլ չի աշխատում, չեն թույլատրում շահագործել։ Ճիշտ է կառավարության որոշումով կատեգորիայի փոփոխություն ենք արել, գյուղին է պատկանում, բայց ադրբեջանցիները և ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս, որ ՀԷԿ-ը շահագործվի»,- ասել է Լուսինե Ավետյանը։

Վերջինս նշել է, որ այգիները ստեղծելու համար գյուղացիները վարկեր են վերցրել, 20-30 տարի շարունակ մշակել են դրանք, թուզ, ընկույզ, խաղող ստացել։ Այս ընթացքում իրացման խնդիր չեն ունեցել, նորմալ վաճառում էին գյուղմթերքը, իսկ հիմա կարող են կորցնել այդ ամենը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։