Հոգին տակնուվրա անող նկատառումներ

143

Գրող, հրապարակախոս Դավիթ Վանյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է․ 

«Հին, ծերացող, վերացող ազգ ենք։ Չենք շատանում, չենք հայտնագործում, Էլ չեմ ասում՝ նոբելյան մրցանակներ չենք ստանում։ Սպասում ենք ու օգտագործում այլ ժողովուրդների հայտնագործածը։ 

Գիտությունը որբ է, մշակույթը՝ փողոցային, քաղաքացին դառնում է սովորական քաղքենի։ 

Չենք կարդում, հատկապես, եթե մի քիչ երկար է։ Անգրագետ – անգրագետ ո՜նց ենք վիճում։ Սիրում ենք, գովում-գովաբանում մայրաքաղաքը, բայց մեր քաղաքին նայե՞լ եք օտարի աչքերով՝ հնություններից զրկված, խանութների պաստառները՝ օտարալեզու, փոշոտ ու անմրցակից։ Իսկ երկրորդ՝ այսպիսի քաղաքի ունակ չե՞նք։ Արժեզրկման դարում առաջիններից մեկն ենք։ Հայի հպարտ, լեռնական, մի քիչ կոպիտ, բայց առողջ կերպարը դառնում է սուպերհազվադեպ։Առաջնակարգ երկրների քաղաքացիների հետ չենք մրցում։

Մենք մեզ հետ։

Ամերիկայում՝ Սամոն մերսեդե՞ս է առել, մենք էլ ենք նույնից առնում ենք Երևանում։ Սամոն էլ, էլեկտրոմոբիլների ու հեծանիվների դարում իր կողքի հային է նայում։ Մի լավ շախմատիստ ունենք։ Էնքան ասացինք հրեա է, որ նրա մայրն էլ ասաց։ Դե, բնական է սա։ Այ եթե պատերազմում հաղթած լինեինք, երբեք չէր ասի։ Եկեղեցիներն ավերակ՝ կառուցում ենք նորը։ Փողոցները՝ ծուռ, տներն՝ աննկարագրելի անճոռնի, գյուղերը՝ աննախագիծ, անհրապույր։

Հպարտանում ենք, որ առաջին քրիստոնյան ենք, բայց ոչ քրիստոնյա ենք, ոչ էլ հավատացյալ։ Հաղթանակների պակաս կա՝ թե ֆուտբոլում, թե գիտության բնագավառում, թե մշակույթում։ Ման ենք գալիս, օտար հարթակներում մի հայկական ազգանուն՝ փնտրում ու հրճվանքից մեռնում։ Գուցե վատ չի՞ սա, բայց պետություն ենք, հավաքականություն, ու պատասխանատու չենք սեփական երկրի համար։ Հիմա էլ աննկարագիր, անծագում, անպատվախնդիր, աներկիր, անհայրենիք մարդկանց դիկտատուրա ենք ապրում, անունը՝ թավիշ։

Ինչքա՜ն արյուն կա այս թավշյա կախաղանների մեջ։ Աշխարհով մեկ սփռված, ամենուր՝ ամեն մեկս, մի գործի տեր, ազգովի, ընդամենը, երկու հարյուր միլիոն հավաքեցինք, որի կեսն էլ պետությունը գողացավ։ Ու ոչ դատարան կա, ոչ պատասխան տվող։ Չգիտեմ, ի՞նչ են քննարկում կանայք, տղամարդիկ՝ միայն ավտոմեքենա, այն էլ ջարդած, ամերիկայից բերած։ Արտագաղթը սրտում, երկիրը հների ու նորերի բաժանած, իրար հայհոյելով՝ ապրում ենք էլի։ Ես կասեի՝ կյանքի անիվն ենք գլորում։ Մի հրաշք երկրամաս, հազարավոր մատաղ կյանքեր տվեցինք ու թքած ունենք։ 

Մենք ո՞վ ենք»։