Հայրենիքի փրկության շարժումն այսուհետ ամեն օրը՝ ժամը 17։00-19:00-ին, կլինի Ազատության հրապարակում. Իշխան Սաղաթելյան

131

Նոյեմբերի 9-ից հետո, փաստացի, Հայրենիքի փրկության շարժումը դարձավ դավադիր իշխանությունների հեռացման պայքարի առաջամարտիկը։

Այս մասին հայտնել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Նոյեմբերի 9-ից հետո, փաստացի, Հայրենիքի փրկության շարժումը դարձավ դավադիր իշխանությունների հեռացման պայքարի առաջամարտիկը։Այս ամիսների ընթացքում քաղաքացիներին բողոքի ձայն հնչեցնելու, լսելի լինելու և հայրենիքի կործանման դեմ պայքարի հարթակ ունենալու հնարավորություն մեծապես ընձեռվեց Հայրենիքի փրկության շարժման գործողությունների շնորհիվ։ Մեր պայքարի արդյունքում կապիտուլյացիա ստորագրած, սակայն իշխանությունն ամեն կերպ պահելու պատրաստ իշխանությունները հայտնվեցին հոգեվարքի մեջ։ Հասարակության լայն շերտերում, քաղաքական շրջանակներում ձևավորվեց աննախադեպ կոնսենսուս։ Այսօր արդեն պատկերը հստակ է՝ բարիկադի մի կողմում չարիքի կառավարությունն է՝ իր ղեկավարով և մերձավորներով, մյուս կողմում՝ հայ ժողովուրդը։ Սակայն անգամ այս աղետի գլխավոր մեղավորը լինելով՝ իշխանությունները, սեփական, նեղ անձնական և խմբակային շահերը գերադասելով հայրենիքի շահից, չեն ցանկանում ի գիտություն ընդունել հասարակության լայն զանգվածների ներկայացրած՝ հեռանալու հստակ պահանջը։ Ուստի հերթը հանրությանն է՝ սեփական ձայնը չարիքի կառավարությանը լսելի դարձնելու և հեռանալ ստիպելու։ Այս ամիսների ընթացքում Հայրենիքի փրկության շարժման՝ Հանրապետության հրապարակում տեղադրված վրանը մեր պայքարի հարթակներից մեկն էր, որի շնորհիվ հանդիպեցինք, լսեցինք և զրուցեցինք մեր հազարավոր քաղաքացիների հետ։ Այսօրվանից, սակայն, փոխվում է մեր պայքարի մարտավարությունը։ Կարևորելով յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացու՝ լսված լինելու իրավունքը՝ Հայրենիքի փրկության շարժումն այսուհետ ամեն օրը՝ ժամը 17։00-19:00-ին, կլինի Ազատության հրապարակում։ Հայրենիքի փրկության համար ծավալված մեր աննահանջ պայքարը շարունակվում է, մինչև չարիքի կառավարության հեռացում և Հայաստանի հզորացման նախադրյալների ստեղծում։ Կհանդիպենք Ազատության հրապարակում։ Իսկ գլխավոր ժամադրությունը մնում է նույնը՝ փետրվարի 20-ին, ժամը 15։00-ին, համապետական հանրահավաք՝ Ազատության հրապարակում»: