Լևոն Շանթ «Մեր անկախությունը

492

Լևոն Շանթը ապրեց  բավականին բարդ ու հակասական ժամանակներում, և այդ նույն ժամանակներում նա և’ ստեղծագործում էր, և’ զբաղվում էր քաղաքականությամբ, նրա միտքը շատ էր ազգային, բայց ցավոք, իր հայրենիքում ապրել չկարողացավ, ողջ կյանքում աստանդական եղավ:
1909 թ. լույս տեսավ «Հին աստվածներ» դրաման ու դարձավ հայ բեմի զարդը, Շանթի անունը ամենքի բերանում էր: «Հին աստվածներ» դրամայի հեղինակը  նաև ՀՅԴ անդամ էր, 1918թ. մայիսին, երբ հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, Շանթը զբաղեցրեց Հայասատանի խորհրդի փոխնախագահի պաշտոնը, իսկ 1920թ. մեկնեց Մոսկվա` վարելու հայ-ռուսական բանակցությունները, որոնք սակայն ցանկալի արդյունք չտվեցին: Հայկական պատվիրակության ղեկավար Շանթը մոսկովյան բանակցությունների մասին հուշեր չի թողել, և ոչ մի հոդվածով չի անդրադրձել դրան:
 Քաղաքական հանգամանքները այնպես դասվորվեցին, որ նա հեռացավ երկրից:
1925 թ. Բոստոնում տպագրվում է Շանթի «Մեր անկախությունը»  վերնագրով աշխատությունը, որը նա գրել էր 1922-1923 թթ.: Աշխատությունը բաղկացած է յոթ գլխից և բազմաթից ենթագլուխներից, որոնք տող առ տող վերլուծում են անկախության գաղափարի ընկալումը հայերիս մեջ,փոխհարբերությունները Ռուսաստանի և արևմուտքի հետ,  հեղինակը վստահ է` հայ ժողովուրդը կշարունակի ապրել այնքան ժամանակ, քանի դեռ ձգտում է անկախության և գիտի դրա արժեքը. «Ամբողջ Հայոց Պատմութիւնը հայ ժողովուրդի անկախութեան պայքարն է»:
Մեջբերենք աշխատությունից որոշ հատվածներ.[1]

▪  Պարտական ենք տեսնելու իրականութիւնը եւ սին երազներով չօրօրելու մեզի: Այսօրը ծնունդ է երեկուան, եւ վաղը պիտի ըլլայ ծնունդը այսօրուան:
▪Անկախութեան ձգտումը կրնայ պատճառ դառնալ մեր ազգութեան վերջնական  քայքայումին, կրնանք բոլորովին ոչնչանալ այդ անհաւասար կռուին մէջ , իբրեւ ազգութիւն` կրնանք մեռնիլ: Կռուի մէջ նետուողը ու կը վիրաւորուի եւ կրնայ մեռնիլ, բայց մեռնելէն վախցող ժողովուրդը ո’չ կրնայ ապրիլ ու դիմանալ, ո’չ ալ իրավունք ունի ապրելու, իբրեւ ուրոյն գոյութիւն, իբրեւ ջոկ անհատականութիւն: Եւ իր վախովը այն չազատիր մեռնելէ, միայն կը մեռնի քաշքշուելով, հիւծուելով, արհամարհուելով ու ոտքի տակ երթալով:
▪Ով ջարդուած է, բնականաբար, կը քաշուի մէջտեղէն, ով հոգնած է կը նստի, բայց ատով ոչինչ չի փոխուիր: Ետ քաշուողներուն տէղը կուգան նորերը, մէկ նստողին տեղը` ոտքի կ’ելնեն ուրիշները: Եւ եթե այսօր մենք բոլորս  ալ քաշուինք ասպարէզէն`վաղը հրապարակ կուգայ  նոր սերունդը հին դրօշակը բարձր պահած իր ձեռքին, որովհետեւ անիկա ալ ապրիլ պիտի ուզէ իր ազգային կեանքովը: Վերջապէս պէտք է հասկնանք, որ ինքն իր տէրը ըլլալու եւ իր անկախութեան հասնելու պահանջը իմ ու քու հնարած խաղը չէ, ո’չ մեզմով է սկսած եւ ո’չ մեզմով կը վերջանայ:
▪Ժողովուրդները իրենց անկախութեանը ձգտելուն համար չէ, որ կը մեռնին: Շատ ավելի ճիշդ է հակառակը` կը մեռնին ապրելու կամքն ու վճռականութիւնը չունենալուն համար: Եթէ իր անկախութեան համար մաքառիլը մահ բերէր` հայութիւնը արդէն տասնեակ անգամներ պէտք է մեռած ըլլար: Կամքը ուժ է, մե’ծ ուժ, շատ ավելի մեծ ուժ, քան սովորաբար կը կարծուի: Սրե’նք մեր կամքերը բոլոր միջոցներով` ատիկա է այն միակ զենքը, որ իրապէս կը պշտպանէ մեզի մահէն, ատիկա է այն միակ սուր զէնքը, որ մեր բարձրացման ու մեր զարգացման առջեւը ճամբայ կը բանայ:
▪…պիտի մաքառինք, հարկ եղաւ զէնքով, ուրիշ անգամ պասսիւ դիամդրութեամբ եւ պատմութեան վայրկեանի ընձեռած բոլոր միջոցներով…
Գուցէ եւ խլեն նաև այդ չնչինը եւ ոչնչացնել ուզեն: Պետք է սկսինք նորէն, պէտք է սկսինք ծայրէն այդ Զիսիֆոսի աշխատանքը, մինչեւ որ ոտքերնիս ամուր դնենք մեր հողին, մինչեւ որ հասնինք ծովուն, մինչեւ որ հասնինք թագին, մեր կատարեալ անկախութեան:
Այսպէս կը շինուին պետութիւնները: Եւ գիտենք, որ դժուար շինուելիք շէնք է մեր պետութիւնը:


[1] Լեւոն Շանթ, Մեր անկախութիւնը,Երեւան, «Հայրենիք» ակումբ, 2011, 200 էջ: