Թուրքիան հետաքննություն է սկսել հոլանդացի քաղաքական գործչի նկատմամբ Twitter-ում հրապարակած լուսանկարի պատճառով

129

Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել հոլանդացի խորհրդարանական Գերտ Ուիլդերսի նկատմամբ Twitter-ում տեղադրված լուսանկարի պատճառով, որը պատկերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին երեքշաբթի հաղորդել է Haberturk հեռուստաալիքը:

Նկարում Էրդողանի դեմքի կեսը սովորական տեսքով Թուրքիայի դրոշի ֆոնին է, մյուս կեսը՝ մորուքով և հիջաբով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշի ֆոնին: Ուիլդերսը, որպես վերնագիր, կիրառել է «ահաբեկիչ» բառը:

Թուրքիայի գլխավոր դատախազությունը համարում է, որ հրապարակումը «պարունակում է վիրավորանք՝ լուսանկարների և տեքստի տեսքով՝ կապված նախագահ Էրդողանի հետ»:

Ուիլդերսը Հոլանդիայի խորհրդարանի անդամ է 1998 թվականից, իսկ 2006 թվականից ղեկավարում է «Ազատություն» կուսակցությունը: Նա հայտնի է իր կոշտ հակաիսլամական հռետորաբանությամբ, երկրում Ղուրանն արգելելու նախաձեռնություններով: