Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանում քրդերին աջակցելու մեջ

137

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել արեւմտյան երկրներին՝ հստակ դիրքորոշում ցուցաբերել ահաբեկչության դեմ պայքարի հարցում:

«Նրանք, ովքեր ձգտում են շարունակել համագործակցությունը Թուրքիայի հետ, ներառյալ՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում, չպետք է աջակցեն ահաբեկիչներին»,- ասել է Էրդողանը՝ երկուշաբթի ելույթ ունենալով իր հայրենի Ռիզե նահանգում:

Թուրքիայի նախագահը ուշադրություն է հրավիրել Թուրքիայի «հակաահաբեկչական» գործողություններին ԱՄՆ կողմնակալ արձագանքին: «Ի՞նչ է ստացվում։ Դուք հայտարարել եք, որ չեք աջակցում RKK, YPG և PYD ահաբեկիչներին: Դուք ոչ միայն աջակցում եք, այլ նաև հովանավորում եք նրանց»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբից Թուրքիան Հյուսիսային Իրաքում իրականացնում է «Արծվի ճանկ» կոչվող ռազմական գործողությունը. կիրակի օրը Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ քարանձավներից մեկում հայտնաբերվել է 13 թուրք քաղաքացու դի։ Մինչդեռ՝  քրդերը հայտարարում և ապացուցում են, որ քարանձավը հրթիռակոծվել է թուրքերի կողմից, և հենց թուրքերն են սպանել իրենց իսկ հայրենակիցներին։

ԱՄՆ պետդեպը հայտարարություն էր տարածել և ցավակցել զոհվածների ընտանիքներին, սակայն կասկածի տակ էր դրել քաղաքացիների՝ քրդերի կողմից սպանված լինելու թուրքական պնդումները։