Բարի տարեդարձ, ԱԶԳի՝ բոլոր ժամանակների աշխատողներ ու ընթերցողներ, մի խոսքով՝ ազգ

299

ԱԶԳ-ի լրագրող Հովիկ Աֆյանի անդրադարձը ԱԶԳ թերթի 30 ամյակին, –

2009 թվականից սկսած՝ ամեն տարի փետրվարի 16-ին ես մտնում եմ Ազգ շաբաթաթերթի ինտերնետային էջ, բացում ՀԵՂԻՆԱԿՆԵՐ բաժինը եւ այնտեղ տեսնելով նաեւ իմ անունը, հպարտությունից ժպտում: Ո՞վ չէր հպարտանա, եթե աշխատեր իր անկախ երկրի առաջին թերթում…

Հետո հիշում եմ Ազգ-ում առաջին հոդվածիս վերնագիրը՝ Օձերը շատացել են: Չքաղաքականացնեք, քանի որ այդ հոդվածում խոսքն իսկական օձերի մասին էր…

Ապա ես նայում եմ այլ հեղինակների նկարները ու նորից ժպտում եմ՝ հպարտությամբ, որ աշխատել եմ այդ մարդկանց կողքին եւ տխրությամբ, որ հիմա աշխատում եմ, բայց ոչ իրենց կողքին: Ավելին, իրենցից շատերն էլ այլեւս իրար կողքի չեն աշխատում…

Հետո ես հիշում եմ Ալավերդյան փողոցի մեր շենքը՝ պատմական: Մեր երրորդ հարկի սենյակը, որը փոքրիկ պատուհաններ ուներ, ոչ թե նայելու, այլ մաքուր օդի համար…

Եւ վերջապես նայում եմ Հակոբ Ավետիքյանի նկարին: Երկար եմ նայում: Ու մինչեւ հիմա չեմ հասկանում, թե նա ինչպե՞ս կարողացավ ինձ <<ստիպել>> լավ գրել՝ առանց գոնե մեկ անգամ ասելու, որ վատ եմ գրում: Բայց անմիջապես ժպտում եմ, քանի որ տեսնում եմ մի մարդու, ով հրատարակում է Հայաստանի միակ թերթը, որտեղ երբեք չմտավ բամբասանքը, քֆուրը, եւ որտեղ միշտ իր տեղՆ ունի մշակույթը, եթե ոչ առաջին էջից սկսած, ապա առանձին ներդիրով…

Այսօր՝ 2021-ի փետրվարի 16-ին Ազգը դառնում է 30 տարեկան: Ու չնայած ես 7 տարեկան էի, երբ այն ստեղծվեց, բայց սա այն դեպքն է, երբ դպրոցն ավելի երիտասարդ է, քան աշակերտը…

P. S. -Հենց այսօր էլ իմացա, որ Ալավերդյան փողոցի մեր երրորդ հարկը՝ իր մաքուր օդի պատուհաններով էլ չկա: Ազգ-ին հանել են այդ շենքից: Բայց ինչպես գրում է Հակոբ Ավետիքյանը՝ Մենք կշարունակենք լույս տեսնել ու հրապարակվել՝ թերթային թե ինտերնետային տարբերակներով:

Բարի տարեդարձ, Ազգի՝ բոլոր ժամանակների աշխատողներ ու ընթերցողներ, մի խոսքով՝ ազգ: