ԱԶԳ-ի մասին, կարճ, ինչքան որ դա հնարավոր է

164

Այսօր ԱԶԳ-ը դարձավ 30 տարեկան։ Հավատացեք, որ սա ուղակի թիվ չէ, սա մի ամբողջ դարաշրջան է՝ հայկական նոր լրագրության, նոր մտածողության, նոր լեզվի ու այսպես շարունակ։

ԱԶԳ-ը հանձինս նրա խմբագիր Հակոբ Ավետիքյանի ոչ միայն նոր խոսք բերեց նորանկախ Հայաստանի խորհրդային ժուրնալիստիկայում, այլև մի ամբողջ սերունդ դաստիարակեց։ Դպրոց հանդիսացավ հարյուրավոր, այսօր արդեն հայտնի լրագրողների, խմբագիրների և նույնիսկ դիվանագետների։

Այո, ԱԶԳ միշտ էլ հպարտացել է, որ արդի Հայաստանի դիվանագիտական կորպուսի մի ամբողջ պլեյադա իր ճանապարհը սկսել է հենց այս դպրոցից։

Հակոբ Ավետիքյանի ավանդը հսկայական է ԱԶԳ թերթի ստեղծման և կայացման գործում, սակայն էլ ավելի մեծ է հայկական նոր լրագրողական դպրոցի կառուցման մեջ։ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ ստեղված ԱԶԳ օրարթերթում իրենց առաջին գրական ու գիտական քայլերը սկսեցին կատարել մեր շատ մտավորականներ։

ԱԶԳ ստեղծեց արժանապատիվ ու պատասխանատու լրագրության մի նոր տեսակու դաստիարակեց սերունդ, ինչին 90-ականների կեսից հակադրվում էր անպատասխանատու, ստի ու կեղծիքի վրա հիմնված դեղին լրագրությունը հանձինս մարդկանց, որոնք հետագայում իշխանություն զավթեցին ու երկիրը մխրճեցին արյան ու աղքատության մեջ։

ԱԶԳ մինչ օրս էլ շարունակում է իր առաքելությունը՝ տարածելով պատասխանատու ու հավաստի լրատվություն, մեծ տեղ հատկացնելով վերլուծական ու քննադատական մտքին։

Թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը իր պարտականություններից բացի շարունակում է երիտասարդ լրագրողների պատրաստման իր բարդ գործը ոչ միայն լսարաններում՝ դասվանդելով Մանկավարժական և Պետական համալսարաններում, այլև ԱԶԳ թերթում խրախուսելով և ոգևորելով նոր սերնդին այս դժվարին մասնագիտության գաղտնիքներին հասնելու գործում։

Այսօր ԱԶԳ-ի բազայի հիման վրա ստեղծված azgonline.am էլէկտրոնային, լրատվական-վերլուծական հարթակը ժառանգելով նույն աշխատանքի ոճը, սկզբունքները և պատասխանատվությունը շարունակում է այդ աշխատանքը։

Հասկանալի է, որ այլ պայմաններում այլ կերպ կնշեինք այս իսկապես կարևոր տոնը ՀՀ անկախ պատմության առաջին անկախ թերթի 30-ամյակը, որը իրապես հեղափոխանակն էր իր ժամանակի համար ու առաջատար։ Սակայն այսօր հնարավորինս համեստ և հավաքված մեր նոր խմբագրությունում՝ Կողբացի 20/3-ում մեզ հիշող ընկերների հետ մեկ բաժակ կբարձրացնենք ԱԶԳ-ի համար։

Եկեք միասնաբար շնորհավորենք Հակոբ Ավետիքյանին և ԱԶԳ-ում բոլոր տարիներին աշխատած բոլոր ԱԶԳականներին այս տոնի առթիվ։

Azgonline.am