ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

130

Դեսպան Գրիգոր Առաքելյան, –

Ասում էիր կարոտը   հայկակա՞ն երևույթ է: Ընդունում եմ, հայկական է՝ իր բոլոր գոյաձևերով: Կարոտը հայկական է, քանի որ Էրգին է հայկական, իսկ Էրգիրը կարոտի խտացումն է: Հիմա արդեն Շուշին ու Հադրութն էլ  են կարոտի խտացումը: Կարոտը Նախիջևանի վերջին հայաբնակ ավանի՝ Զնաբերդի խանձահոտից մնացած հուշերն են նաև: Կարոտը  Արարատ լեռան հոմանիշն է: Կարոտը 88-ի երկրաշարժից հետո իր ծննդավայր Երևանը տեսնելու փափագը սրտում օտար ափերում ապրող  96 ամյա մորս՝ Սիրանուշի «Թռչեի մտքով տուն…» երգն է նաև: 

Կարոտը չունի ոչ սահմանում,  ոչ էլ՝ սահմաններ:

Կարոտն այն զգացողությունն է, որ ապրելով քո հայրենիքում, կարոտում ես   հայրենիքդ:

Կարոտը մարող հուշերի, այրվող ավանից մնացած խանձահոտի, սրտամորմոք երգի ու կորսյալ Հայրենիքի բաղադրությունն է, որն  զգալու համար առնվազն պետք է հայ լինես: