Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Վրաստանի հետ առևտրային համաձայնագրի փոփոխությունները

120

Թուրքիայի խորհրդարանի անդամների մեծամասնությունը կողմ է քվեարկել Վրաստանի հետ ազատ առևտրի պայմանագրի փոփոխությունները վավերացնելուն, որոնք ընդլայնելու են համագործակցությունը երկու երկրների միջև: Այս մասին փետրվարի 11-ին հայտնել է Թուրքիայում Վրաստանի դեսպանության մամուլի ծառայությունը՝ դիվանագիտական առաքելության ֆեյսբուքյան էջում:

Հաղորդվում է, որ նոր փոփոխությունները պարզեցնում են Վրաստանում թուրքական հումքից ապրանքների արտադրության կարգը`հետագայում Եվրամիություն արտահանմամբ:

«Այս համաձայնագիրը կմեծացնի ապրանքների տեսականին, որոնք հնարավոր է արտահանել ԵՄ, դրանից կշահեն ինչպես վրացական, այնպես էլ թուրքական բիզնեսները»,- ասվում է Վրաստանի դեսպանության հայտարարության մեջ:

Նշվում է, որ դա կնպաստի Վրաստանում համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, ինչը կհանգեցնի երկրում աշխատատեղերի ավելացմանը:

Թուրքիան և Վրաստանը 2007-ին ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիր: 2014 թվականին Վրաստանը և Եվրամիությունը ստորագրել են ասոցացման համաձայնագիր, որը ներառում է նաև ազատ առևտրի համաձայնագիր: